Վերանորոգվել է «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ի մասնաշենքերից մեկը

Վերանորոգվել է «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ի մասնաշենքերից մեկը։ Կենտրոնում իրականացվել է ինչպես վերանորոգման, այնպես էլ խաղահրապարակի և գույքային հագեցման աշխատանքներ. ծրագրի շրջանակում կազմակերպվել են նաև անձնակազմի վերապատրաստման աշխատանքներ։

ԱՍՆ նախարարությունից տեղեկացնում են, որ իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով կենտրոն են այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Հայաստանում Արգենտինայի փոխդեսպան Նիկոլաս Պասամանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, «Վորլդ Վիժն»-ի ներկայացուցիչներ, հյուրեր։

Կենտրոնը վերանորոգվել և կահավորվել է 2024 թվականին՝ ԱՍՀ նախարարության նախաձեռնությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։
«Սոցիալական տարբեր ոլորտներում վերջին տարիներին ակտիվ համագործակցել ենք շահագրգիռ կողմերի հետ: Բացի շենքային պայմաններից, մենք ոլորտում դեռ շատ անելիքներ ունենք՝ մասնագիտական կարողությունների և ինստիտուցիոնալ զարգացման առումով։ Այսօր շատ ուրախ եմ, որ երեխաները ավելի լավ միջավայրում են շարունակելու ապրել»,- նշել է Նարեկ Մկրտչյանը:

«Արդեն երկար տարիներ է, ինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ խոցելի իրավիճակում հայտնված երեխաների խնամքի քաղաքականության և ծառայությունների ընդլայնման ուղղությամբ։ Մեզ համար կարևոր է, որ Հայաստանի յուրաքանչյուր համայնքում երեխաները և նրանց ծնողները կարողանան օգտվել իրենց կարիքներին համապատասխան հասանելի և մատչելի ծառայություններից»,-հավելել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին։

«Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ը գործում է 2021 թվականից, որի շուրջօրյա և ցերեկային բաղադրիչների շրջանակում սոցիալական աջակցություն են ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-18 տարեկան երեխաները։

Related posts

«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Արա Բադոյանը Արարատ Միրզոյանի դեմ իրականացված մահափորձի գործով 3 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել

«Գյումրիում հնարավոր չէ վատ ելույթ ունենալ». Գևորգ Դաբաղյան