Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների նորընտիր վարչապետի հետ

Բլենհայմյան պալատում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Նիդերլանդների նորընտիր վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆի հետ:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է պարոն Սխոուֆին պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությունը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Նիդերլանդներ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները հատկապես վերջին տարիներին թևակոխել են բարձր քաղաքական երկխոսության շրջան։

Պարոն Սխոուֆը նշել է, որ Նիդերլանդները կարևորում է ՀՀ-ի փոխգործակցության խորացումը և պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ ի նպաստ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում կապերի խորացման:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Կողմերը կարևորել են երկար բանակցություններից հետո Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու որոշումը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին: Վարչապետը կարևորել է դրանց լուծման ուղղությամբ միջազգային հանրության հետևողական աջակցությունը:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան