Վարչապետն ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեին և նրա գլխավորած պատվիրակությանը:

 

Վարչապետն ընդգծել է Հայաստան-Գերմանիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորել ԳԴՀ կառավարական պատվիրակության այցը մեր երկիր: «Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է, և մենք նաև բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին, փորձի փոխանակումը: Շահագրգռված ենք մեր արդյունավետ համագործակցության շարունակականությամբ և ընդլայնմամբ», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

ԳԴՀ դաշնային նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ երկու երկրների միջև ձևավորվել են սերտ հարաբերություններ, այդ թվում՝ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում: Սվենյա Շուլցեն ԳԴՀ կառավարության պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու, զարգացնելու Հայաստանի հետ փոխշահավետ գործընկերությունը և համատեղ ծրագրերը:

 

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին և կարևորել է Արևելյան գործընկերության ծրագիրը, որի շրջանակում ՀՀ-ն առաջընթաց է արձանագրել մի շարք չափանիշներով: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Կառավարության բարեփոխումները կրթության, արդարադատության, ոստիկանության և մի շարք այլ ոլորտներում:

 

Զրուցակիցներն արձանագրել են, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն տարբեր ուղղություններով հարաբերությունները զարգացնելու ներուժ և այդ օրակարգն առաջ մղելու կամք: Քննարկվել են գյուղատնտեսության, սննդի անվտանգության, վերականգնվող էներգետիկայի, կրթության,  զբոսաշրջության, շրջակա միջավայրի պահպանության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում գործակցության խորացման հարցեր: Երկուստեք կարևորվել են կանանց տնտեսական և հասարակական ակտիվությունը խթանող նախաձեռնությունները:

 

Վարչապետը տեղեկացրել է, որ 2022թ. հունվարից սկսած Հայաստանում տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշ է արձանագրվում, և մեր երկրի ներդրումային միջավայրը, շարունակաբար բարելավվող պայմանները կարող են հետաքրքրական լինել գերմանական բիզնեսի համար, ինչին ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարը դրական է արձագանքել: Կառավարության ղեկավարը նաև գոհունակություն է հայտնել Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկերի բանկի (KfW) փոխգործակցության կապակցությամբ:

 

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան