Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրին:

Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցությունը և նշել, որ այն նպաստում է մեր երկրում բարեփոխումների հավակնոտ օրակարգն առաջ մղելուն ու տնտեսական ակտիվությանը: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև ՀՀ կենտրոնական բանկի ու ԱՄՀ-ի միջև արդյունավետ գործակցությունը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ջիհադ Ազուրին հայկական դրամի 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:


ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը և ընդգծել, որ Հայաստանը հուսալի գործընկեր է ԱՄՀ-ի համար: Ջիհադ Ազուրը նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է փոխշահավետ գործակցության շրջանակում հետագայում ևս աջակցել ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումները հաջողելու գործընթացում և երկրի տնտեսական առաջընթացին միտված ծրագրերում:

Հյուրի խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տնտեսության կառուցվածքի փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական ոլորտի, պետական կառավարման համակարգի բարեփոխումների, ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղություններով իրականացվող քայլերին ու միջոցառումներին:

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն