Վարչապետն Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինության, դպրոցների, մանկապարտեզների կառուցման և այլ ծրագրերի ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքում Կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Արմավիր քաղաքում, որտեղ ծանոթացել է տեղի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Դրանք մեկնարկել են նախորդ տարի և նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա օգոստոսին: Ծրագիրն իրականացվում է Կառավարության հատկացրած միջոցներով: Մասնավորապես, պետբյուջեից տրամադրվել է 151 մլն դրամ:

Հաջորդիվ վարչապետն ուղևորվել է Վանանդ բնակավայր, որտեղ մասնավոր հատվածի կողմից իրականացվում են նուշի ինտենսիվ այգու հիմնման և ջրամբարի կառուցման աշխատանքներ: Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին: «Վանանդ ագրո» ընկերությունը ձեռք է բերել 800 հեկտար հողատարածք, որի վրա արդեն իսկ հիմնվել է 360 հեկտար նուշի ինտենսիվ այգի: Կառուցվել է նաև 100 հազար խմ տարողությամբ ջրամբար: Նախատեսվում է առաջիկայում կառուցել երկրորդ ջրամբարը և շարունակել այգու հիմնման աշխատանքները: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 10 մլրդ դրամ: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ Կառավարությունը քաջալերում է ժամանակակից գյուղատնտեսության ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու նախագծերը:

Վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել Նոր Կեսարիա համայնքում, որտեղ զրուցել է գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել հարցերին: Նիկոլ Փաշինյանը հորդորել է օգտվել Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին և անցնել ինտենսիվ այգիների հիմնման, ինչն էապես կբարձրացնի արդյունավետությունն ու կլինի ջրի խնայողություն: Վարչապետը նշել է, որ Կառավարությունը կիրականացնի նաև անհրաժեշտ խորհրդատվություն:

Այստեղից Կառավարության ղեկավարն այցելել է Սարդարապատ գյուղ՝ շրջայցի ընթացքում ծանոթացել տեղի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախորդ տարվանից սկսած շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել գալիք սեպտեմբերին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող նախագիծը գնահատվում է 215 մլն դրամ: Մանկապարտեզը կկարողանա ընդունել 120 երեխայի:

Այնուհետև վարչապետը եղել է Մեծամոր համայնքում, որտեղ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող բնակելի շենքերի վերելակների փոխարինման աշխատանքներին: Տեղեկացվել է, որ ծրագրի շրջանակում փոխարինվել է 5 շենքի նույնքան վերելակ: Ծրագիրն արժեցել է 474 մլն դրամ: Վարչապետը օգտվել է վերելակից, զրուցել բնակիչների հետ: Վերջիններս գոհունակություն են հայտնել և նշել, որ տասնամյակներ շարունակ Մեծամորում նման աշխատանք չի կատարվել:

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Խոյ համայնքում: Այստեղ Կառավարության ղեկավարը ծանոթացել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործունեությանը, հետաքրքրվել մատուցվող ծառայություններով:

Վարչապետը հաջորդիվ կանգառ է կատարել Մ-5 միջպետական ճանապարհի Մեծամոր-Խոյ հատվածում, որտեղ ներկայացվել են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի կողմից Արմավիրի մարզում իրականացված ճանապարհաշինական ծրագրերը: Դրանց արժեքը գնահատվում է 1 մլրդ 391 մլն դրամ: Նշվել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է Արմավիրի մարզում հիմնանորոգել 38 կմ ավտոճանապարհ:

Վարչապետը եղել է Ծաղկալանջ բնակավայրում, որտեղ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում վերջերս ավարտվել են խմելու ջրագծի վերակառուցման աշխատանքները: Ծրագրի արժեքը կազմել է 97 մլն դրամ: Վերակառուցվել է 7 կմ երկարությամբ ջրագիծ, ջրամատակարարման համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը կազմում է 340: Տեղի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին և նշել, որ վերջին մի քանի տասնամյակի ընթացքում գյուղում խմելու ջրի 24-ժամյա մատակարարում չի եղել:

Կառավարության ղեկավարն այնուհետև այցելել է Էջմիածին քաղաք՝ նախ շրջայցի ընթացքում ծանոթացել Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի կիառուցման աշխատանքների ընթացքին: Շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարի և ավարտին կհասցվեն օգոստոսին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 271 մլն դրամ, միջոցները տրամադրվել են Կառավարության կողմից: Դպրոցն ունի 606 աշակերտ:

Էջմիածնում վարչապետ Փաշինյանը ծանոթացել է նաև Տիգրան Մեծ և Սբ Գրիգոր Լուսավորիչ փողոցների 1,7 կմ երկարությամբ մայթերի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք արդեն իսկ ավարտվել են: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգման համար ներդրվել է 181 մլն դրամ:

Ջրառատ բնակավայրում Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման շինաշխատանքների ընթացքը: Մարզադպրոցի կառուցման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, նախատեսվում է, որ այն պատրաստ կլինի շահագործման սեպտեմբեր ամսին: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 394 մլն դրամ:

Վարչապետի վերջին կանգառը եղել է Բաղրամյան բնակավայրում, որտեղ Կառավարության ղեկավարը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում փողոցի տուֆով սալարկման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 138 մլն դրամ: Վարչապետը կարևորել է տարբեր բնակավայրերում փողոցների և մայթերի սալարկման նման ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է համայնքներում իրականացվող բոլոր ծրագրերի արդյունավետ և որակյալ իրականացման անհրաժեշտությունը:

Տարբեր համայնքներում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել նաև 44-օրյա պատերազմում հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում