Վարչապետի հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կարևորել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության ապահովումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:

Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Ադրբեջանն իր սադրիչ քայլով հերթական անգամ խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, և կարևորել միջազգային հանրության ուշադրությունն ու հասցեական արձագանքը տեղի ունեցողին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կարևորել միջանցքի անխափան գործունեության ապահովումը:

Խավիեր Կոլոմինան հավելել է, որ ՆԱՏՕ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ և իր աջակցությունն է հայտնում այդ ուղղությամբ միջազգային գործընկերների կողմից ներդրվող ջանքերին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Related posts

Քննչական գործողություններ «Գյումրի» ԲԿ-ում

«Վեր ընգի տեղդ ասի, նեռվերս չուտես»․ Ազգային ժողովում իրավիճակը լարվեց

Արարատի մարզում 5 ժամում հակակարկտային կայաններից 59327 կրակոց է եղել. Պապոյան