Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի հինգերորդ նիստը:

Օրակարգի շրջանակում ներկայացվել են Կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման, Ռոբոտատեխնիկայի և Արհեստական բանականության զարգացման պետական ծրագրերի նախագծերը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի նախագիծը և վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի հետագա գործունեության վերաբերյալ նախագիծը:

Մինչ օրակարգային հարցերի ներկայացումը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ներածական խոսքում նշել է, որ օգոստոսի 8-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագրի շրջանակում, որտեղ ներառված են նաև ռոբոտաշինության, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ուղղությամբ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության կետերը, նոր հնարավորություններ են ստեղծվել Հայաստանում այս ոլորտների զարգացման համար, և ներկայացվող երկու նախագծերը հենց կիսահաղորդիչների, արհեստական բանականության ու ռոբոտաշինության վերաբերյալ են։ Նրա խոսքով՝ այս նախագծերը աշխատանքային խմբերի, մասնավոր գործընկերների, ինչպես նաև Նորարարության հայկական հիմնադրամի համագործակցությամբ ծավալուն աշխատանքի արդյունքն են:

Նորարարության հայկական հիմնադրամի տնօրեն Անահիտ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման պետական ծրագրի նախագծի վերաբերյալ: Նախ անդրադարձ է կատարվել կիսահաղորդիչների ոլորտի գլոբալ նկարագրին, ընդգծվել, որ արհեստական բանականությունն աննախադեպ արագությամբ ընդլայնում է ոլորտի տնտեսական ազդեցությունը: Մանրամասներ են ներկայացվել Հայաստանում գործող կիսահաղորդիչների ԳՀՓՄ (R&D) կենտրոնների, Հայաստանի կիսահաղորդչային դիրքավորման, կրթության և ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ: Անահիտ Սարգսյանն անդրադարձել է 2032 թ. Հայաստանի կիսահաղորդիչների ճարտարագիտական էկոհամակարգի զարգացման տեսլականին և այս համատեքստում ընդգծել մարդկային կապիտալի զարգացման ու տնտեսական ազդեցության հեռանկարները:

ARCS.ai խորհրդի փոխնախագահ Կարեն Էգուիազարյանը մանրամասներ է ներկայացրել Ռոբոտատեխնիկայի և արհեստական բանականության զարգացման պետական ծրագրի նախագծի վերաբերյալ, անդրադարձ կատարել ժամանակակից տեխնոլոգիական մրցավազքում ռոբոտիկայի և արհեստական բանականության որոշիչ դերակատարմանը և Հայաստանում առկա ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններին: Զեկուցողը ներկայացրել է տաղանդների ներգրավվման, կրթական և հետազոտական առաջնահերթ ուղղություններով անելիքները, էկոհամակարգի ձևավորման ու տնտեսական ազդեցության հեռանկարները:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն իր հերթին նշել է, որ ինչպես ներկայացրել էր նախորդ նիստում, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի նախագծի հետ կապված աշխատանքները շարունակվում են և այս ժամանակահատվածում իրականացվել են գործողությունների ծրագրի մշակման հետ կապված աշխատանքները: Ըստ այդմ՝ իրականացվում են Կառավարության և շահագրգիռ կողմերի հետ ռազմավարական թիրախների վերջնականացման, հանրային շահագրգիռ կողմերի հետ հենասյունային մակարդակի միջոցառումների վավերացման աշխատանքները, խորհրդակցություններ են անցկացվում տեխնոլոգիական և ակադեմիական համայնքի հետ՝ իրագործելիության վերաբերյալ, Հայաստանի ռազմավարական ուղղությունների հետ համապատասխանեցման ուղղությամբ։ Ընդգծվել է, որ ռազմավարական ծրագիրը կենտրոնանում է երկու ուղղությունների վրա՝ ԱԲ ինժեներիա և խելացի թվային համակարգեր և Deep-Tech ինժեներիա, նախատիպավորում և ներկառուցված համակարգեր՝ որպես բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հիմնական հենասյուներ և առաջնահերթ ոլորտներում համակարգված աճի հիմք:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկայացրել է Վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի հետագա գործունեության վերաբերյալ նախագիծը, անդրադարձել խորհրդի կազմի համալրման հարցին:

Ներկայացված նախագծերի շուրջ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Ընդգծվել է Կառավարության կողմից իրականացվող և նախատեսվող ծրագրերի հետ նախագծերի համադրության կարևորությունը՝ վերջինների առավել արդյունավետ իրականացման տեսանկյունից:

Ամփոփելով քննարկումները և ընդգծելով բարձր տեխնոլոգիաների միջոցով տնտեսական փոխակերպման կարևորությունը՝ վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին ներկայացված նախագծերի շրջանակում աշխատանքային քննարկումներ կազմակերպել և ներկայացնել դրանց իրականացման ինստիտուցիոնալ մեխանիզմները:

Related posts

Մեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Փաշինյան

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան

Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին