Վարչապետը ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է պետություն-մասնավոր հատված համագործակցության հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Service Titan, Vineti, Robomart, Krisp, SuperAnnotate, Podcastle ընկերությունների ներկայացուցիչներին:

Վարչապետը կարևորել է ՏՏ ոլորտում գործող վերոնշյալ ընկերությունների հաջողություններն ու հույս հայտնել, որ նրանց հաջողությունները մյուս կազմակերպությունների համար կդառնան օրինակելի: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Կառավարության նպատակն է, որ հաջողակ ընկերությունների թիվը մեր երկրում գնալով ավելանա: Այդ նպատակով գործադիրը պատրաստ է լսել մասնավոր հատվածի խնդիրները, ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ առաջարկություններն ու դիտարկումները, իր գործիքակազմի շրջանակում նպաստել այս բնագավառի շարունակական առաջընթացին:

Այս համատեքստում ընկերությունների ներկայացուցիչներն անդրադարձել են իրենց կազմակերպությունների գործունեությանը, Հայաստանում ստարտափերի զարգացման հնարավորություններին, ՏՏ բնագավառի ներուժին ու կարողություններին, գիտության ոլորտի զարգացմանը, կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:

Վարչապետը և ընկերությունների ներկայացուցիչները կարևորել են պետություն-մասնավոր հատված սերտ համագործակցությունը և անդրադարձել համատեղ նախագծեր ու ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը շահագրգռված է այս ոլորտի հետ սերտ համագործակցությամբ, և առաջարկել է պատասխանատու գերատեսչությունների հետ շարունակել քննարկումներն այդ ուղղությամբ:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել