Վարչապետը Վեդիում ներկա է գտնվել ամֆիթատրոնի բացման միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Վեդի քաղաքում ներկա է գտնվել ամֆիթատրոնի բացման միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Ամֆիթատրոնի վերակառուցման աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի օգոստոսին։ Ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 220 մլն դրամ։ Միջոցները հատկացրել է կառավարությունը: Ամֆիթատրոնի վերակառուցման վերաբերյալ համապատասխան հանձնարարականը տվել էր վարչապետ Փաշինյանը:

Վարչապետը շնորհավորել է Վեդիի բնակիչներին ամֆիթատրոնի բացման առիթով:

«Մաղթում եմ, որ այն միշտ լեցուն լինի կյանքով, ուրախ տրամադրությամբ, երեխաներով, ծնողներով, երիտասարդությամբ և ամենակարևորը՝ ապագային նայող բովանդակությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը, դիմելով երեխաներին, կարևորել է վերջիններիս համար բարձրորակ կրթության ապահովումը, ինչը կնպաստի, որպեսզի նրանք առաջին հերթին վայելեն կյանքը:

«Կյանքն այնքան բարդ բան է՝ տառապանքն ինքն իրեն կգա, ոչ ոք թող հանկարծ չանհանգստանա, թե որևէ մեկը կմնա առանց տառապանքի: Բայց մենք պետք է երեխաներին կարողանանք պատրաստել լիարժեք կյանքի՝ լիաթոք ապրելու այդ կյանքը, վայելելու այդ կյանքը և փոխանցելու այդ կյանքի տրամաբանությունն ու լիցքն ուրիշներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետին է ներկայացվել նաև Վեդիի քաղաքային լճի վերակառուցման, նոր շինությունների կառուցման և հարակից տարածքի բարեկարգման նախագիծը:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:

Related posts

Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ

Оգոստոսի 1-ից հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Ջրհեղեղից տուժածները փոխհատուցում կստանան