Վարչապետը ծանոթացել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում իրականացված վերակառուցման աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ։

Վարչապետը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է մարզկենտրոն Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց և ծանոթացել իրականացված վերակառուցման աշխատանքներին։

Դպրոցի հին շենքը կառուցվել է 1967 թվականին։ 2016 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կառույցը խիստ վթարային է և վտանգավոր` դասապրոցես իրականացնելու համար։ Եղել են նաև շենքից քարաթափման դեպքեր, իսկ ներսի պատերը ճաքած էին։ Արդյունքում որոշում է կայացվել հիմնովին վերակառուցել դպրոցը, շինաշխատանքներն ավարտվել են 2020 թվականի վերջում։

Շինարարության մեջ օգտագործվել է մինչև 580 տոննա երկաթյա ամրան, դպրոցը կառուցված է սեյսմակայունության նորագույն պահանջներին համապատասխան՝ սեյսմակայուն մինչև 9 բալ երկրաշարժի դեպքում:

Դպրոցի նոր շենքը կառուցվել է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով»: ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմել է 1 մլրդ 380 մլն դրամ։

Դպրոցը շինարարության ընթացքում իր հիմնական հասցեում չգործելու հետևանքով աշակերտների թվաքանակի կորուստ չի ունեցել: Այս պահին Պապին Ղանդիլյանի անվան դպրոցի աշակերտների թիվը 422 է, իսկ նոր շենքի շահագործումից հետո այս թիվը կարող է ավելանալ. այն նախատեսված է 576 աշակերտի համար։

Նոր շենքը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, ունի վերելակ, կահավորված դասասենյակներ, միջոցառումների դահլիճ, մարզադահլիճ, լաբորատորիաներ։

Related posts

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա

Բագրատ Սրբազանն անդրադարձել է Կառավարության հայտարարությանը