Վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են նաև ավտոմեքենայի երկու ուղևորները. ՆԳՆ-ի հորդորը

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը:
«Ապրիլի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են Գյումրիի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է: Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են նաև ավտոմեքենայի երկու ուղևորները, որոնք ևս քաշքշել ու հարվածել են պարեկներին:
Ոստիկանների ծառայողական գործունեությանը միջամտած անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, իսկ ավտոմեքենան տեղում վերցվել է պահպանության: Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ: Ստուգվել է նաև ուղևորների սթափությունը, պարզվել է, որ նրանք ևս ալկոհոլ օգտագործած են եղել։
Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Հայաստանի քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար։ Ավելին՝ բռնություն գործադրելով միջամտելու պարագայում օրինախախտին սպառնում է բացառապես ազատազրկման ձևով պատիժ։
Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ յուրաքանչյուր դեպք հանգեցնելու է քրեաիրավական հետևանքի։ Ավելին՝ անհրաժեշտ է ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին․ չենթարկվելը կհանգեցնի խիստ հետևանքների»,- ասված է հաղորդագրության մեջ։

Related posts

Քիմ Քարդաշյանին Փարիզի դատարան են կանչել

Համատեղ ջանքերի միջոցով կարող ենք է՛լ ավելի խորացնել առկա փոխգործակցությունը. Փաշինյանը՝ Էստոնիայի վարչապետին

Դուք հստակ ընտրել եք մի ճանապարհ, որը նշանակում է ավելի սերտ հարաբերություններ ԵՄ-ի հետ. Էստոնիայի վարչապետ