Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված հիվանդ է հայտնաբերվել. տնօրենը ձերբակալվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, ըստ այդ տեղեկությունների՝ հիվանդներից մեկը տնօրենի խոզանոցում (խմբ.-ֆերմայում) կատարում է մաքրման աշխատանքներ, նաև տնօրենի հանձնարարությամբ հիվանդները տնտեսական աշխատանքներ են կատարում տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն:

Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ տնօրենը բուժվողներին ենթարկում է խոշտանգման և հանձնարարում, որ նրանց չտրամադրեն հասանելիք ծխախոտի չափաբաժինը և օրվա ճաշացանկով նախատեսված սնունդը:

Ոստիկանության ծառայողների տեղեկություններով՝ տնօրենը աշխատակիցների դրույքաչափերը բարձրացնելու համար միջնորդի միջոցով պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ:

Բացի այդ, պաշտոնավարման տարիներին անփույթ վերաբերմունք է դրսևորել աշխատանքի նկատմամբ և համապատասխան որակավորում չունեցող աշխատողներին աշխատանքից չի ազատել:

Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարույթային գործողությունների արդյունքում՝ փետրվարի 16-ին տուն-ինտերնատի բաժանմունքներից մեկի իր հիվանդասենյակում, ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված, հայտնաբերվել է հիվանդներից մեկը: Այնուհետև, նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը և մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Բագրատ սրբազանը հայտնել է դեպի Երևան քայլերթի մեկնարկի վաղվա ժամը

Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել