Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, USAID/Հայաստան առաքելության նորանշանակ տնօրեն Ջոն Ալլեոն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական պատասխանատու Օլեգ Սոկոլան:

Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, կարևորելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը, շեշտել է առկա համագործակցության ծրագրերի արդյունավետության բարձրացումն ու նոր նախագծերի իրականացումը:

Վահրամ Դումանյանը կրթության և գիտության ոլորտներում ամերիկյան կողմի աջակցությամբ իրականացվող նախագծերից առանձնահատուկ կարևորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացում աջակցել ԿԳՄՍ նախարարությանը: Կարևորելով ծրագրի մինչև 2023 թվականը երկարաձգումը՝ նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ ներառական կրթության բարեփոխումները ՀՀ կրթության քաղաքականության առանցքային ուղղություններից են:

Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև ԱՄՆ Օդային և տիեզերական ազգային գործակալության (ՆԱՍԱ) հետ համագործակցությանը, մասնավորապես հունիս ամսին GLOBE ծրագրի հուշագրի ստորագրմանը: Նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ GLOBE ծրագիրը, լինելով գիտական և կրթական բնապահպանական միջազգային ծրագիր, լավագույնս կներգրավի Հայաստանի սովորողներին և գիտնականներին միջազգային ցանցի մեջ՝ համաշխարհային շրջակա միջավայրն ուսումնասիրելու առումով, և կնպաստի համատեղ նոր նախաձեռնությունների իրականացմանը՝ դրանով իսկ նպաստելով տեխնոլոգիական կրթության զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում:

Դեսպան Լ. Թրեյսին, վերահաստատելով բազմակողմ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու պատրաստակամությունը, նույնպես շեշտել է Հայաստանի ներգրավումը ԱՄՆ Օդային և տիեզերական ազգային գործակալության (ՆԱՍԱ) «Համաշխարհային ուսուցում և դիտարկումներ հօգուտ շրջակա միջավայրի» (GLOBE) ծրագրում:

«Հաշվի առնելով աշխարհի առաջ ծառացած բազմակի կլիմայական մարտահրավերները՝ այսօր առավել քան երբևէ արդիական են շրջակա միջավայրը ճանաչելու ու այն պաշտպանելու նորարարական ու ինտերակտիվ մեթոդները, որ առաջարկվում են GLOBE ծրագրով»,- մասնավորապես նշել է դեսպանը:

Անդրադառնալով մշակութային ոլորտում համագործակցությանը` նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին հայկական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված աջակցության համար` նշելով, որ այդ ոլորտում գլխավոր մտահոգությունը շարունակում է մնալ 2020 թվականին ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանությունը:

«Վստահ ենք, որ Ձեր կողմից ձեռնարկվող հնարավոր միջոցառումները լավագույնս կնպաստեն այս զգայուն և չափազանց կարևոր խնդրի կարգավորմանը»,- նշել է Վ. Դումանյանը:

ԱՄՆ դեսպանը փաստել է, որ խնդիրը մտահոգիչ է և գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև EducationUSA, FLEX կրթական ծրագրերը, անդրադարձ է եղել բարձրագույն կրթության բարեփոխումներին, Հայաստանում ամերիկյան համալսարանի գործունեությանը, ինչպես նաև ամերիկյան կողմի աջակցությամբ ընթացող պատմամշակութային հուշարձանների պահպանության ծրագրերին:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան