Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին:

Բերտրան Վենարը նշել է, որ այս օրերին լրանում է իր պաշտոնավարման ժամկետը, որի շրջանակում փորձել է ոչ միայն իր նպաստը բերել ուսանողներին որակյալ կրթություն տրամադրելու նպատակի իրագործմանը, այլ նաև աջակցել՝ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը: Ռեկտորը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից իրականացվող աշխատանքները, կրթական նոր ծրագրերը և առաջիկա նախագծերը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար, մասնավորապես առանձնացնելով՝ համալսարանում ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ոլորտներում իրականացվող ծրագրերը: Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի կատարած աշխատանքը կշարունակվի նույն ոգով:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ներուժի և հեռանկարների շուրջ:

Related posts

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության մասին նախագիծը

Սոնա Ղազարյանն ընդդիմադիր կին պատգամավորներին հորդորեց ընդունել Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ նախագիծը խմբակցություններում քննարկելու առաջարկը

Ինդոնեզիայում որոնում են նավի խորտակումից հետո անհետ կորած 129 մարդու