Վահագն Խաչատուրյանը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի գրասենյակի ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆրանսուազ Ժակոբին:

Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:

«Անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետությունն ու Միավորված ազգերի կազմակերպության համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ: Վստահ եմ նաև, որ ներկայումս ՄԱԿ-ի հետ իրականացվող բազմաթիվ համատեղ ծրագրերի համար Ձեր նշանակումը նոր խթան կհանդիսանա»,- նշել է Հանրապետության նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորական խոսքերի համար, Ֆրանսուազ Ժակոբին նշել է, որ ուրախ է Հայաստանում գտնվելու համար և իր ջանքերը կներդնի Հայաստանի և ՄԱԿ-ի միջև բազմոլորտ համագործակցության զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրի, Կանաչ էներգետիկայի, տնտեսության, գյուղատնտեսության, մարդկային կապիտալի զարգացման և այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի աջակցությամբ համատեղ իրականացվող մի շարք նախաձեռնությունների և ծրագրերի շուրջ երկկողմ անելիքներին:

Հանրապետության նախագահն իր խոսքում բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից կյանքի կոչված սոցիալական տարբեր ծրագրերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող մարդասիրական աջակցությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի որդեգրած հիմնարար ուղղություններին՝ կրթության, այլընտրանքային էներգետիկայի, Կանաչ տնտեսության զարգացման, ինչպես նաև բնապահպանության ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է իր պատրաստակամությունը՝ հնարավորությունների սահմաններում իր աջակցությունը ցուցաբերել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությանը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում