«Սևան» ազգային պարկի մասնաճյուղի տնօրենը թույլատրել է սիգի ապօրինի արդյունահանումը՝ ստանալով կաշառք. դատախազը գործը հանձնել է դատարան

2023 թվականի մայիսի 19-ին հսկող դատախազը հաստատել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղում ձկների ապօրինի արդյունահանման, ինչպես նաև կաշառք ստանալու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 12-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ (վարույթ)՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 292-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելը): Նախաքննությունը հանձնարարվել էր Գեղարքունիքի մարզային քննչական վարչությանը:

2022 թվականի սեպտեմբերի 22-ին Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության քննիչի միջնորդության հիման վրա՝ Գեղարքունիքի մարզի դատախազությունում որոշում էր կայացվել դադարեցնել քրեական հետապնդումը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղի տնօրեն Ս.Թ.-ի, տեսուչներ Ա.Գ.-ի, Հ.Հ.-ի և քաղաքացիներ Դ.Պ.-ի, Դ.Մ.-ի և Ա.ՈՒ.-ի նկատմամբ՝ մեղսագրվող արարքները չկատարելու և արարքների ապաքրեականացման հիմքով:

2023 թվականի սեպտեմբերի 30-ին, քննիչի որոշմամբ՝ քրեական վարույթը կարճվել էր՝ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված լինելու և վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով:

2023 թվականի հունվարի 7-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի որոշմամբ՝ վերացվել են 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի կողմից մեղադրյալներ Ս.Թ.-ի, Դ.Մ.-ի, Ա.ՈՒ.-ի, Դ.Պ.-ի. Ա.Գ.-ի և Հ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի պետի տեղակալի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 30-ին կայացված և հսկող դատախազի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատված՝ քրեական վարույթը կարճելու մասին որոշումները:

Գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Թ.-ն, 2017 թվականից զբաղեցնելով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղի տնօրենի պաշտոնը, պարտավոր լինելով կանխել «Սևան» մասնաճյուղի տարածքից «Սիգ» տեսակի ձկան ապօրինի արդյունահանումը, կաշառքի դիմաց սույն գործով (վարույթով) անցնող քաղաքացիներին թույլատրել է իր վերահսկողության ներքո գտնվող «Սևան» մասնաճյուղի հատվածից իրականացնել ձկների ապօրինի արդյունահանում: Արդյունքում «Բարդիներ» կոչվող լողափի հատվածից իրականացվել է 49 կգ «Սիգ» տեսակի ձկան ապօրինի արդյունահանում՝ պատճառելով 245 հազար դրամի վնաս:

Ս.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային նոր քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (չորս դրվագ) (կաշառք ստանալը), Հ.Հ.-ի, Ա.Գ.-ի, Դ.Պ.-ի ու Դ.Մ.-ի նկատմամբ՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան