Սևանում 50-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել մորը և խեղդամահ արել. ՔԿ

Պարզվել են Սևան քաղաքի 85-ամյա բնակչուհու սպանության մի շարք հանգամանքներ: Վերջինիս որդին ձերբակալվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ 2023 թ. մայիսի 6-ին ժամը 20:55-ին «Սևան» ԲԿ է զանգահարել Սևան քաղաքի վերոնշյալ բնակչուհու որդին և հայտնել, որ մայրը իրենց տանը հանկարծամահ է եղել:

Դեպքի վայրի զննության ժամանակ դիակի վրա՝ մասնավորապես դեմքի ու պարանոցի շրջանում, հայտնաբերվել են կապտուկներ և արյունազեղումներ, վնասվածքներ են հայտնաբերվել նաև դիակի վերին և ստորին վերջույթների վրա:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում, իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 50-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել մորը և ձեռքերով պարանոցը սեղմելու եղանակով խեղդամահ արել վերջինիս:

50-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Տուժողի որդին հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 50-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է, և վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ