Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հերքել է շրջանառվող խոսակցությունները, թե Հայաստանում IMEI կոդերի միասնական գրանցման և վերահսկողության համակարգի ներդրման նպատակը հասարակությանը նկատմամբ վերահսկողություն սահմանելն է։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հունիսի 25-ի նիստում հավանություն էր տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է Հայաստանում IMEI կոդերի միասնական գրանցման և վերահսկողության համակարգ ներդնել, ինչի արդյունքում բջջային կապի ցանցում կակտիվացվեն միայն օրինական ներմուծված կամ սահմանված կարգով գրանցված հեռախոսները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում հայտարարել էր, որ բջջային հեռախոսների շուկան Հայաստանում ամենամեծ ստվերային շուկաներից է, և դրա դեմ անհրաժեշտ են համակարգային ու քաղաքակիրթ լուծումներ։ Նրա խոսքով՝ ոչ մի հեռախոս, որի օրինական ներմուծումը չի հաստատվում, Հայաստանի Հանրապետության տարածքում չի աշխատելու։ Վարչապետի խոսքով՝ կարգավորման հիմնական թիրախը բիզնեսն ու շուկան են։ Միևնույն ժամանակ, նշվել էր, որ անհատների համար կսահմանվեն առանձին կարգավորումներ, որպեսզի անձնական օգտագործման նպատակով հեռախոս ներմուծելու դեպքում խնդիրներ չառաջանան։ Վարչապետն ասել էր, որ նախագիծը քննարկվելու է նաև ոլորտի ներկայացուցիչների և խորհրդարանի գործընկերների հետ՝ շեշտելով, որ համակարգը Հայաստանում պետք է սկսի գործել 2027 թվականի հունվարի 1-ից։
Նախագծի ընդունումը հասարակության շրջանում քննարկման լայն առարկա էր դարձել, հնչում էին կարծիքներ, թե դա արվում է հասարակությանը վերահսկելու նպատակով։ Նման կարծիքներ էին արտահայտել նաև տեղեկատվական անվտանգության մասնագետները։
ՀՀ արդարադատության նախարարը, անդրադառնալով խոսակցություններին ու քննարկումներին, թե IMEI կոդերի միասնական գրանցման և վերահսկողության համակարգը ներդրվում է հասարակությանը վերահսկելու նպատակով, հիշեցրել է, որ համակարգի ներդրման նպատակը ապօրինի ճանապարհներով բջջային հեռախոսների մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելն է։
«Անձնական տվյալների պաշտպանության բարձր շեմ պետք է նախատեսվի բոլոր նմանատիպ դեպքերի համար, և մենք հիմա աշխատում ենք անձնական տվյալների պաշտպանության նոր օրենսդրության մշակման շուրջ։ Կարծում եմ, որ ձեր բոլոր մտահոգությունները պետք է փարատվեն։ Եվ պետք է վերադառնանք նախագծի նպատակին. դրա նպատակը բացարձակապես որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ, այլ ուղղակի ապօրինի ճանապարհով հեռախոսների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելելն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սրբուհի Գալյանը։
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը նպաստում է չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառությանը։ Դա հանգեցնում է հարկային կորուստների, շուկայի մրցակցության խաթարման, ինչպես նաև տեխնիկական և անվտանգային ռիսկերի աճի։
Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է ստեղծել IMEI կոդերի միասնական պետական համակարգ, ապահովել դրա փոխգործելիությունը մաքսային մարմինների, կապի օպերատորների և այլ պետական կառույցների տվյալների շտեմարանների հետ։ Համակարգը թույլ կտա համադրել մաքսային տվյալները, օպերատորների ակտիվացումները և միջազգային ռեգիստրները՝ թույլատրելով միայն օրինական ներմուծված կամ սահմանված կարգով գրանցված սարքերի ակտիվացումը։
Նախագծով նախատեսվում է նաև անհատների համար իրենց նոր բջջային հեռախոսի IMEI կոդն առցանց գրանցելու հնարավորություն։
Բացի այդ, բջջային հեռախոսների ներմուծման և վաճառքի բիզնես գործունեությունը հնարավոր կլինի իրականացնել միայն լիազոր մարմնին ծանուցելու պայմանով։ Ըստ նախագծի հիմնավորման՝ մինչ այժմ այդ գործունեությունն իրականացվում էր առանց հստակ կարգավորումների և սահմանափակումների։
Կառավարության գնահատմամբ՝ համակարգի ներդրումը կնպաստի ստվերային տնտեսության կրճատմանը, հարկային վարչարարության բարելավմանը, բջջային սարքերի շուկայի կարգավորմանը, սպառողների պաշտպանությանը, ինչպես նաև հեռախոսների գողության և խարդախության դեպքերի կանխմանը։