Սուրեն Պապիկյանը՝ զինծառայողների ատեստավորման կարգի մասին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ քննարկմանը ներկայացրեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

«Նախագծերի համաձայն՝ հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ ներկայումս զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր, իսկ զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինծառայության ընդունվող զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան 3 ամիս հետո և ոչ ուշ, քան 4-րդ ամիսը լրանալու օրը»,- ասաց Պապիկյանը:

Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից, իսկ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերած զինծառայողները կարող են կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան 2 անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:

«Զբաղեցրած պաշտոնում ատեստավորված և հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները ենթակա են լինելու կրկին ատեստավորման յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար»,- ասաց Պապիկյանը:

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց, թե ինչ չափի աշխատավարձի մասին է խոսքը:

«Խոսքը վերաբերելու է մարտական ծառայության շարքային պայմանագրայինի համար 316 հազար մաքուր աշխատավարձին: Դա միջին թիվն է: Կարող է տատանվել մինչև 325 հազար դրամ, իջնել մինչև 310 հազար՝ կապված պաշտոնի ու ստաժի հետ: Եթե դրան զուգահեռ մարտական հերթապահություն է անցնում, ավելանում է 80 հազար դրամով»,- ասաց Պապիկյանը:

Related posts

Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիան շարունակվում է

«Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը մեկնարկեց. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո

Շնորհակալություն, որ քվեարկում եք մեզ համար, մեզ դա ուժ է տալիս․ Լադանիվա