Սուրենավանի նախկին ղեկավարի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի Սուրենավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունների անցմամբ և պաշտոնեական կեղծիքի միջոցով նույն համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի օտարելու դեպքի բոլոր հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Սուրենավան համայնքի նախկին ղեկավարը, 2017 թվականից մինչև 2021 թվականը զբաղեցնելով նշված պաշտոնը, ընդհանուր 39.2 հա մակերեսով հողատարածքներն օտարելու նպատակով շրջանցել է օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերը:

Մասնավորապես, վերջինս, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, չունենալով համայնքի ավագանու որոշումը և լիազոր մարմնի համաձայնությունը, որոշումներ է կայացրել նշված հողատարածքներն աճուրդով վաճառելու մասին: Իր հանցավոր գործողություններին օրինական բնույթ տալու և դրանք ավարտին հասցնելու նպատակով համայնքի նախկին ղեկավարն անձամբ կազմել և իր ստորագրությամբ հաստատել է հողամասն աճուրդով վաճառելու մասին արձանագրություններ՝ այնտեղ ներառելով կեղծ տվյալներ այն մասին, թե իբր մի շարք հողամասերի օտարման հարցում նշված համայնքի ավագանին որոշումներով համաձայնություններ է տվել:

Այնուհետև համայնքի ղեկավարը կազմել և իր ստորագրությամբ ու համայնքի ղեկավարի կնիքով հաստատել է բովանդակությամբ կեղծ քաղվածքներ՝ ներառելով կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր համայնքի ավագանին ձայների մեծամասնությամբ որոշումներ է կայացրել՝ թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերն աճուրդ վաճառքի կարգով օտարելու վերաբերյալ: Հետագայում նշված կեղծ պաշտոնեական փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ կադաստրի կոմիտե, որոնց հիման վրա պետական սեփականություն հանդիսացող հիշյալ հողատարածքների նկատմամբ գրանցվել է մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքը:

Բացի այդ, Սուրենավան համայնքի ղեկավարը, ի պաշտոնե պարտավոր լինելով օրենքով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման նկատմամբ, 0.0085հա մակերեսով հողամասի և դրա վրա ինքնակամ կառուցված 57.6 քմ մակերեսով շինությունն օտարելու նպատակով, կազմել և ստորագրությամբ հաստատել է 2019 թվականի նոյեմբերի 29-ին իր կողմից կայացված որոշումը, որում կեղծ տվյալներ է ներառել այն մասին, թե իբր համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հիշյալ հողամասում ինքնակամ կառուցված 57.6 քմ ընդհանուր մակերեսով հասարակական շինությունը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա: Նույն որոշմամբ վերջինս ինքնակամ կառուցված հիշյալ շինությունը ճանաչել է օրինական և համայնքի սեփականության իրավունքը ու դրանով զբաղեցրած պահպանման և սպասարկման համար առանձնացված նշված հողատարածքն ուղղակի վաճառքով օտարել է քաղաքացու, որի արդյունքում գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Սուրենավան համայնքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (ութ դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (ութ դրվագ), (որը համապատասխանում է գործող օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին և 445-րդ հոդվածի 1-ին մասին):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան