Սուբվենցիոն ծրագրերով առաջատար են այն մարզերը, որտեղ խոշորացումը տեղի էր ունեցել ու արդեն լիարժեք գործարկման մեջ է. Փաշինյան

Կառավարությունը 2021 թվականի բյուջեից որոշեց գումար հատկացնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով:

«Ընդհանուր գումարը կազմում է 1 միլիարդ 6 միլիոն դրամ, որից պետական բյուջեի ֆինանսավորումը 532 միլիոն դրամ է: Ծրագրերից 5-ը 2020 թվականին հաստատված ծրագրեր են, 22-ը՝ 2021 թվականին: Այսպիսով կարիք է առաջացել ՀՀ պետական բյուջեից մարզպետարաններին հատկացնել 532 միլիոն դրամ՝ համապատասխան շինարարական ընկերություններին ֆինանսավորելու համար»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականին քաղաքական որոշում է կայացվել, որ սուբվենցիոն ծրագրերը պետք է դառնան Հայաստանի տարածքային համաչափ զարգացման առանցքային գործիքը:

«Սուբվենցիոն ծրագրերի էությունը հետևյալն է, որ մենք համայնքներին առաջարկում ենք ներկայացնել կապիտալ ներդրումների զարգացման ծրագրեր, որոնք ներկայացվում են Կառավարություն: Կառավարությունը քննարկում է, հավանություն է տալիս և իրականացնում տարբեր տոկոսներով համաֆինանսավորում՝ ըստ բովանդակության: Այսօր մենք հերթական չափաքանակն ենք ներկայացնում 9 մարզին՝ սուբվենցիոն ծրագրերն իրականացնելու համար»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018-2020 թվականներին չի եղել մի բնակավայր, որտեղ շոշափելի սուբվենցիոն ծրագրեր չեն իրականացվել:

«Սուբվենցիոն ծրագրերով առաջատար են այն մարզերը, որտեղ խոշորացումը տեղի էր ունեցել ու արդեն լիարժեք գործարկման մեջ է: Եթե 2018-2020 թվականներին իրականացրել ենք ավելի քան 47 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, միայն 2021 թվականին 678 ծրագիր՝ 48 միլիարդ 400 միլիոն դրամ արժեքով»,- ասաց Փաշինյանը:

Related posts

Ըստ Փաշինյանի՝ եթե կատարվի հոգևորականների պահանջը, պատերազմը կլինի դրա «անխուսափելի հետևանքը»

70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է․ 25-ամյա երիտասարդ է կալանավորվել

Պուտինը հինգերորդ անգամ ստանձնել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը