Սոցփաթեթի շահառուները կարող են սոցփաթեթի իրենց գումարներն ուղղել նաև հիմնադրամներին. ԱԺ-ն ընդունեց նախագիծն 1-ին ընթերցմամբ

Ազգային ժողովը քննարկեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

«Ներկայում ծախսման հնարավոր 4 ուղղություններ են սահմանված օրենքով, դրանցից դուրս այլ ուղղություններով այդ գումարները չեն կարող օգտագործվել: Սոցիալական փաթեթի շահառուներ հանդիսացող մի շարք քաղաքացիներ ցանկանում են մասնակցել Հայաստանում սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության արդյունքում պետական կարիքների ֆինանսավորման համար իրականացվող դրամահավաքներին:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ օրենքում կատարվում են լրացումներ, որով սոցիալական փաթեթի շահառուներին հնարավորություն կընձեռվի սոցփաթեթի գումարներն ուղղել նաև այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացում ապահովվող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով Կառավարության որոշմամբ սահմանվելու են այն հիմնադրամները, որոնց հնարավորություն կտրվի փոխանցումներ կատարել և դրանք են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ այս նախագծով ուսուցիչները, պետական աշխատողներն ունեն հնարավորություն սոցփաթեթի գումարը փոխանցել հիմնադրամին և աջակցել բանակին: Նա հույս հայտնեց, որ այս հնարավորությունից կօգտվեն պետական աշխատակիցները և իրենց գումարը կփոխանցեն:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 99 կողմ ձայնով:

Related posts

ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանիի հետ

Իրանը բացառել է հավանականությունը, որ Ռաիսիի ուղղաթիռը կnրծանվել է դիվերuիայի պատճառով

Ուսումնասիրվում են Աշոցքում տեղի ունեցած հորդառատ անձրևի պատճառած վնասները