Սոչիում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը

Սոչիում մեկնարկել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի ընդլայնված ձևաչափով բանակցությունները: Հանդիպումից առաջ նախագահները կարճ զրույց են ունեցել: Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման տեմպը պահպանվում է: Նա նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ավարտել գազային հանգույցի ստեղծման շուրջ բանակցությունները՝ էներգետիկ ոլորտում իրավիճակն ավելի կայուն դարձնելու համար։

Ռուսական և թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի ղեկավարը Սոչի է եկել Ռուսաստանի նախագահի հետ անձամբ քննարկելու հացահատիկի գործարքը վերսկսելու հնարավորությունը։ Պուտինը Սոչիում Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցելու հացահատիկի գործարքի շուրջ։

«Ես գիտեմ, որ դուք այսօր ցանկանում եք բարձրացնել հացահատիկի գործարքի հարցը։ Մենք բաց ենք այս հարցի բանակցությունների համար»,- ասել է ՌԴ նախագահը։

Էրդողանը մտադիր է նաև հայտարարել ուկրաինական հակամարտությունը լուծելու համար որպես միջնորդ լինելու՝ Անկարայի պատրաստակամության մասին։

Ըստ տեղեկությունների՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կքննարկեն Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակումը, ռուսական գազը թուրքական տարածքով եվրոպական երկրներ փոխադրելու, ինչպես նաև երկկողմ համագործակցության հարցեր։

Related posts

Լորի ձվի արտադրամասի գործունեությունը դադարեցվել է. ՍԱՏՄ

Հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց զինծառայությունից գումարի դիմաց ազատ արձակվելու նախագծին

Պայթյունի ահազանգ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում