Սկեսրոջ տան գողությունը կազմակերպել էր 28-ամյա հարսը

Հունվարի 22-ը նոր էր սկսվել, երբ մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի 62-ամյա մի բնակչուհի ահազանգեց ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Հայտնում էր, որ երեկոյան ժամը 6-ից 11-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանից գողացել են փող ու ոսկեղեն:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում բնակարանային գողության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ: Բնակարանում և մուտքուելքի հնարավոր հատվածներում իրականացվեց զննություն: Դուռը բացել էին հարմարեցված բանալիով, կողպեքը վնասված չէր, տան իրերն էլ առանձնապես խառնշտորած չէին: Իսկ գողոնի չափը բավական մեծ էր` 310 հազար դրամ, ութ հազար դոլար և մոտ 10 հազար դոլարի ոսկեղեն:

Համադրելով զննությամբ ձեռք բերված տվյալները և ստանալով օպերատիվ հավաստի տեղեկություն` Նոր Նորքի քրեական հետախույզները մի քանի օրվա ծավալուն աշխատանքից հետո պարզեցին հանցագործության մեխանիզմը:

Ըստ նախնական տվյալների` 62-ամյա տանտիրուհու որդու 28-ամյա կինը հանցավոր համաձայնության էր եկել նույն փողոցի բնակիչ 25-ամյա երիտասարդի հետ և նրան փոխանցել տան բանալին: Վերջինս էլ իր հերթին բանալին տվել էր նույն փողոցի բնակիչ 45-ամյա մի տղամարդու, որն էլ Սարի թաղի բնակիչ իր հասակակից ընկերոջ հետ ապօրինի մուտք էր գործել բնակարան և կատարել գողություն: Նույն օրը 45-ամյա տղամարդիկ հանդիպել էին բանալին իրենց տված 25-ամյա երիտասարդին և, որպես գողության մասնաբաժին, տվել հազար դոլար:

Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 25-ի կեսօրին մոտ 25-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության բաժին: Հաջորդ օրը ձերբակալվեցին նաև Վիլնյուսի փողոցի և Սարի թաղի բնակիչ 45-ամյա տղամարդիկ: Երեքն էլ ներկայացվել են նախաքննական մարմին:

Հարսին առաջադրվել է մեղադրանք հանցագործությունը կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք:

Գողոնի մի մասը հայտնաբերվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մնացածը հայտնաբերելու և դեպքի այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար