ՍԱՏՄ պատասխանատուները հանդիպել են մսավաճառների հետ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանն ու անասնաբուժության վարչության պետ Արման Ասատրյանը հանդիպում են ունեցել մսավաճառների հետ:
Վերջիններս տեսչական մարմին էին եկել սպանդանոցային մսի վաճառքի նոր կարգավորումների վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար: Մասնավորապես՝ նրանց անհանգստացնում է այն, որ, դեկտեմբերի 6-ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությամբ, պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, միաժամանակ կայացվելու է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում:
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանի խոսքով՝ միս վաճառողները ֆերմեր-սպանդանոց-մսավաճառ-վերահսկող կառույց օղակում կարևոր դերակատարում ունեն, նրանք պետք է լինեն պահանջատեր՝ վերցնելով և իրացնելով միայն համապատասխան փաստաթղթեր ունեցող և նույնականացվող միս։ Միայն բոլոր օղակների համատեղ իրականացվող քայլերի արդյունքում հնարավոր կլինի կարգավորել ոլորտը և սպառողներին վաճառել անվտանգ միս-մսամթերք։
Քննարկվել են գործընթացի կարգավորման հնարավոր ուղիները, մսավաճառները ներկայացրել են իրենց հուզող հիմնական հարցերը, այն է՝ մորթի ծառայություն մատուցող սպանդանոցների անբավարար քանակը, առաջարկվող մսի ոչ պատշաճ որակը, պատվերների անկանոնությունը և այլն:
Այդ խնդիրները, ինչպես նշել է ՍԱՏՄ անասանաբուժության վարչության պետ Արման Ասատրյանը, բիզնես կարգավորման ոլորտում է, իսկ տեսչական մարմնի գործառույթն է վերահսկել, որ սպառողի սեղանին դրվի մսեղիք, որի անվտանգությունը երաշխավորված է սպանդանոցային ծագմամբ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է տնտեսվարողներին աշխատել բացառապես օրենքի շրջանակներում՝ ձեռք բերել կամ իրացնել միայն սպանդանոցային ծագման, N 5 ձևի անասնաբուժական վկայականով ուղեկցվող միս՝ բացառելով անհայտ ծագման կամ կեղծ փաստաթղթերով մսի ձեռքբերումը։
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է նաև, որ առգրավված ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնտեսվարող սուբյեկտի միջոցների հաշվին, իսկ վերջինիս կողմից ծախսերը կատարելուց հրաժարվելու պարագայում՝ լիազոր մարմնի կողմից՝ հետագայում գանձումը դատական կարգով իրականացնելու միջոցով:

Related posts

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

«Անձրևի պատճառով ցեխ է, ինչը դժվարացրել է մեքենաների և մարդկանց անցումը տարածք»․ վերջին տեղեկատվությունը Ռաիսիի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի վայրից