Սահմանվեցին օդի աղտոտվածության կրիտիկական շեմեր

Կառավարությունը հաստատել է Մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը: Հիմնավորման համաձայն՝ իրավական դաշտում բացակայում են նորմեր, որոնք կարգավորում են մթնոլորտային օդի աղտոտվածության ազդեցությունը բնական էկոհամակարգերի, բուսականության և հողի քիմիական կայունության վրա, ինչպես նաև բացակայում են դրանց չափման, գնահատման և ռիսկերի կառավարման իրավական մեխանիզմները։ Կարգով սահմանվում են մթնոլորտային օդում առկա աղտոտիչների՝ հատկապես ծծմբի և ազոտի միացությունների, ազդեցության գնահատման սկզբունքներն ու մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով դրանց կողմից առաջացվող՝ հողի թթվայնացում, ջրային էկոհամակարգերի էվտրոֆացման, բուսականության վնասում, կենսաբազմազանության նվազում։

Որոշումը ներառում է՝ աղտոտող (վնասակար) նյութերի կրիտիկական մակարդակների սահմանում՝ համաձայն ICP Vegetation և համապատասխան ԵՄ ուղեցույցների, էկոհամակարգերի կրիտիկական բեռնվածության հաշվարկման մեթոդաբանություն՝ հիմնված ICP Modelling and Mapping և պարզ զանգվածային հաշվեկշռի SMB (Simple Mass Balance) մոտեցումների վրա, ազդեցությունների գնահատման և ռիսկերի վերլուծության չափորոշիչներ, տարածական քարտեզագրման և մոնիթորինգի պահանջներ՝ համապատասխան EMEP/UNECE պահանջներին։ Արդյունքում՝ ակնկալվում է իրականացնել բնական էկոհամակարգերի գիտականորեն հիմնավորված գնահատում, հայտնաբերել ռիսկային և առավել զգայուն տարածքները,հիմք ստեղծել աղտոտիչների արտանետումների կառավարելի քաղաքականության մշակման համար, ապահովել միջազգային պարտավորությունների կատարում և տվյալների համադրելիություն։

 

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա