Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. ՍԴ որոշում

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետու­թյան և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժո­ղովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հա­մատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավո­րությունների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը: Այս մասին «Լուրերին» տեղեկացրին ՍԴ-ից:

Ըստ այդմ՝ ՍԴ-ն որոշել է.

«…Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդ­ված­նե­րով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապա­տաս­խանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

Հիշեցնենք՝ ըստ երկու երկրի սահմանազատման հանձնաժողովների` ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության, հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը:

Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին և Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են ներպետական ընթացակարգերը:

Մինչև Ազգային ժողովում կմեկնարկի նախագծի վավերացման ընթացակարգը, այն ուղարկվել է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի՝ սահմանադրականության հարցով գործի քննությունը։ Դատարանը գնացել էր խորհրդակցական սենյակ:

Related posts

Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են կարգավորումը Գազայի հատվածում

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

Բնում խեղդելու ենք ՀՀ ժողովրդից ինքնիշխանությունը խլելու, Հայաստանը գուբերնիա դարձնելու յուրաքանչյուր փորձ. Արթուր Հովհաննիսյան