Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները կարևորել են ԼՂ-ում անհետաձգելի հումանիտար խնդիրների լուծումը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությունը ՝ հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք թույլ են տվել դադարեցնել արյունահեղությունը եւ խուսափել նոր զոհերից, ինչպես նաև շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Ռուսաստանի, Հայաստան և Ադրբեջանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը կատարվում է, իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայունացել է:

«Պատրաստակամություն հայտնելով համակարգելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի աշխատանքը ՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները կարևորել են հումանիտար հարցերի անհետաձգելի լուծումը, ներառյալ՝ փախստականների վերադարձը մշտական բնակության վայրեր, բնակչության բնականոն կենսագործունեության համար պայմանների ապահովումը, ենթակառուցվածքների վերականգնումը, քրիստոնեական տաճարների և վանքերի պահպանումը: Այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահը հայտնել է մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի ստեղծման մասին»,- հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան