Ռուսաստանի և Իրանի նախագահներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցեր, փոխանցում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Կողմերն անդրադարձել են սիրիական հակամարտությանը,  արտահայտել են կարգավորման հետագա համակարգման պատրաստակամություն, այդ թվում՝ Աստանայի ձևաչափի շրջանակներում։

«Ուշադրություն է դարձվել Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին: Ռուսաստանն ու Իրանը կողմ են դրա լիարժեք իրականացմանը՝ ի սկզբանե համաձայնեցված շրջանակներում։ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ նոյեմբերի վերջին Վիեննայում նախատեսված բանակցություններն այդ խնդրի շուրջ կանցնեն կառուցողական ճանապարհով»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերն անդրադարձել են նաև Աֆղանստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հրադադարի ռեժիմի ապահովման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցառումների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Related posts

Օգոստոսի 17-21-ը Հայաստան կայցելի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը

Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոն

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբ