Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը. Գոնչար

Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը՝ ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Պատրաստ ենք այսուհետ ևս ամեն կերպ աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում բարձր մակարդակով համապատասխան եռակողմ հանդիպումների կազմակերպման միջոցով։ Երկու կողմերի համար չափազանց զգայուն այդ գործընթացները պահանջում են փոխընդունելի և երկարաժամկետ լուծումների որոնում»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ բանակցությունների մանրամասների հրապարակումը կամ մամուլում կողմերի դիրքորոշումների քննարկումը միշտ չէ, որ նպաստում են գործընթացին։

Գոնչարը տեղեկացրել է նաև, որ ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հերթական շփումների նախապատրաստական աշխատանքները: Նա կարծիք է հայտնել, որ այդ գործընթացում իր ներդրումը կարող է ունենալ նաև եռակողմ միջխորհրդարանական երկխոսությունը, որի մեկնարկի նախաձեռնությունն աջակցություն է ստացել Սոչիի գագաթնաժողովում: «Համապատասխան հանդիպումների անցկացման ժամկետների մասին կհայտարարվի»,- հավելել է դիվանագետը:

Related posts

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Քննարկվել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Էնդի Բըրնհեմը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնավարումը կսկսի Թրամփին և Զելենսկուն զանգերով. BBC