Ռուսաստանը Հայաստանի տնտեսության առաջատար արտաքին առևտրային գործընկերն է և գլխավոր ներդրողը. Միշուստին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է Հայաստանի հետ առևտրում ռեկորդային ցուցանիշի մասին՝ առաջարկելով նոր նախագծեր սկսել և հայ գործարարներին հրավիրել ավելի ակտիվ աշխատել ռուսական շուկայում:

«Կառավարությունների մակարդակով ակտիվ աշխատանք է տարվում առևտրատնտեսական փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ, և, չնայած բարդ արտաքին միջավայրին, մեր համագործակցությունը հաջողությամբ զարգանում է»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Միշուստինը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության առաջատար արտաքին առևտրային գործընկերն է և գլխավոր ներդրողը:

«2022 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ապրանքաշրջանառությունն աճել է 77 %-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այն գերազանցել է 4 մլրդ 100 մլն դոլարը, ինչն այսօրվա դրությամբ ռեկորդ է մեր փոխադարձ առևտրում»,- արձանագրել է Միշուստինը:

Նրա տվյալով՝ կուտակված ռուսական ներդրումների ծավալը կազմում է մոտ 2 մլրդ դոլար, ավելի քան 40 առաջատար ռուսական ընկերություններ աշխատում են հայկական շուկայում, Հայաստանի խոշորագույն հարկատուների թվում են:

«Մենք անկեղծորեն գնահատում ենք Հայաստանի հետ դաշնակցային և գործընկերային հարաբերությունները, մեր երկրներին կապում են բարի եղբայրական հարաբերություններ, որոնք հիմնված են ռուս և հայ ժողովուրդների պատմական բարեկամության վրա»,- վստահեցրել է Միշուստինը:

Related posts

Տեղի է ունեցել ԶՈՒ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

Ռոբերտ Քոչարյանը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը

Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ