Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողություններով պարզվել են Երևան քաղաքում օտարերկրացու նկատմամբ ավազակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Այս մասին տեղեկացնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«ՌԴ քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 21։50-ի սահմաններում, Երևան քաղաքի Կասկադ համալիրի աստիճանահարթակի մոտ անհայտ անձը, զենքի նմանվող առարկայով սպառնալիքներ է հնչեցնելով, իրենից պահանջել է բջջային հեռախոս և գումար, ինչին ի պատասխան, վախի ազդեցության ներքո, ենթարկվելով սպառնալիքներին, ինքը տվել է իրեն պատկանող «Այֆոն 13» մոդելի բջջային հեռախոսը և կանխիկ գումար, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ՌԴ քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Նախաքննության ընթացքում իրականացվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում տուժողը մատնացույց է արել հստակ վայրը, որտեղ դեպքը տեղի է ունեցել։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիր քաղաքի 25-ամյա բնակիչ է:
Նախաքննության ընթացքում առգրավվել են դեպքի վայրի հարակից հատվածներում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որոնք զննության են ենթարկվել տուժող մասնակցությամբ։
25-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
Որոշում է կայացվել՝ վերջինիս ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։