ՌԴ-ում առաջին անգամ լիովին չեղարկվել է Ռազմածովային նավատորմի շքերթը

Ռուսաստանում առաջին անգամ ամբողջությամբ չեղարկվել է Ռազմածովային նավատորմի (ՌԶՆ) օրվա կապակցությամբ ամենամյա շքերթը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կիրակի՝ հուլիսի 27-ին, հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում հանդիսավոր միջոցառումը չանցկացնելու որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով, փոխանցում է DW-ն։ «Դա կապված է ընդհանուր իրավիճակի հետ։ Անվտանգության նկատառումներն ամեն ինչից վեր են»,-նշել է Պեսկովը։ Մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Սանկտ Պետերբուրգի Ադմիրալտեյստվո՝ Ռազմածովային ուժերի «Հուլիսյան փոթորիկ» օպերատիվ զորավարժություններին հետևելու համար։ Դրանք անցկացվել են հուլիսի 23-ից 27-ը Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ օվկիանոսի, Բալթիկի և Կասպից ծովերի ջրերում։ Զորավարժություններին մասնակցել են ավելի քան 150 նավ և աջակցող նավեր, 120 թռիչքային սարք, այլ ռազմական տեխնիկա, ինչպես նաև ավելի քան 15 հազար զինծառայող։ Կրեմլի փոխանցմամբ՝ զորավարժությունների հիմնական նպատակը նավատորմի ստորաբաժանումների գործողությունների մանրամասն մշակումն է ծովային հարձակումը ետ մղելու պայմաններում։ Ռուսաստանի բոլոր նավատորմերի մասնակցությամբ գլխավոր ռազմածովային շքերթը նորագույն պատմության ընթացքում առաջին անգամ անցկացվել է հյուսիսային մայրաքաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում, 2017 թվականի հուլիսի 30-ին։ 2024 թվականին միջոցառումներին ներգրավված էին մոտ 200 նավ ու նավակ, իսկ վերջին ութ տարվա ընթացքում առաջին անգամ չեղարկվել էր Կրոնշտադտի հատվածը։ Ռազմածովային նավատորմի օրը Վլադիվոստոկում այս տարի նույնպես անցել է առանց նավերի պարադի։ Ռուսաստանում այս տոնը նշվում է հուլիսի վերջին կիրակի օրը։ ՌԶՆ օրվա կապակցությամբ ռազմական նավերի պարադներն անցկացվում են ամեն տարի 1939 թվականից ի վեր՝ բացառությամբ Հայրենական մեծ պատերազմի տարիների (1941–1945)։

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները