ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանազատմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը. ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ Մոսկվա այցին ընդառաջ՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում:

«Մեր երկրների միջև հարաբերությունները շարունակաբար զարգանում են բարեկամության և բարիդրացիության ավանդույթների ոգով: Ամենօրյա համատեղ աշխատանքը կառուցվում է իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա: Ռուսական կողմը տրամադրված է 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ներուժի ամբողջական բացահայտմանը»,- ասված է հրապարակման մեջ։

ՌԴ արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակը էական ներուժ ունի: Այդ մեխանիզմը կոչված է նպաստելու տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների լուծմանը տարածաշրջանի երկրների և հարևանների ուժերով՝ առանց արտաքին միջամտության։

«Մեզ համար կարևոր են խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում։ Ինչպես և նախկինում, պատրաստ ենք պահանջված աջակցությունը ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման, հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով»,- նշել են նախարարությունից։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը Բայրամովի այցը դիտարկում է ռուս-ադրբեջանական վստահելի քաղաքական երկխոսության շարունակման և փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման համատեքստում:

Related posts

«Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է

Գյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է