Ջրհեղեղի հետևանքով վնասվել է 193 տրանսպորտային միջոց. կառավարությունը փոխհատուցում կտրամադրի

Կառավարությունը Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի համար փոխհատուցում կտրամադրի:

Համապատասխան որոշումը հաստատվել է կառավարության օգոստոսի 15-ի նիստում:

«Այս անգամ անդրադառնում ենք տրանսպորտային միջոցին պատճառված վնասի հատուցումներին: Այս պահի դրությամբ համայնքային  հանձնաժողովներն արձանագրել են 193 տրանսպորտային միջոցներ, որոնք աղետի հետևանքով վնասվել են, կամ մեր քաղաքացիները կորուստ ունեն: Փոխհատուցման շահառուներն այն անձինք են, որոնց անունով գրանցված է տրանսպորտային միջոցը»,-ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Նա վստահեցրեց, որ 193 տրանսպորտային միջոցներից յուրաքանչյուրը կունենա անհատական փորձագիտական եզրակացություն, որը հիմք կհանդիսանա մարզպետների համար՝ իրականացնելու փոխհատուցումը: 193 տրանսպորտային միջոցներից 152-ի մասով արդեն իսկ կան վերջնական փորձագիտական եզրակացությունները:

Ըստ Սարգսյանի՝ քաղաքացիները հնարավորություն կունենան դիմում ներկայացնելու օգոստոսի 26-ից և կարճ օրերի ընթացքում ստանալու հատուցում: Քաղաքացիները կներկայացնեն հաշվեհամար, որին անկանխիկ եղանակով փոխհատուցումը կիրականացվի:

«Որքան որ փորձագետը ֆիքսի որպես պատճառված վնաս, այնքան մենք ամբողջական հատուցումն իրականացնելու ենք»,-նշեց փոխնախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ հնարավորություն կլինի՞ նոր մեքենա ձեռք բերել, փոխնախարարը պատասխանեց, որ այդպիսի 3 դեպք կա այս պահի դրությամբ, կտրամադրվի տվյալ տրանսպորտային միջոցի համար առկա միջին շուկայական արժեքի չափով վնասի հատուցում: «Ես վստահեցնում եմ, որ մնացյալ դեպքերում փորձագետներն այնպես են հաշվարկներն իրականացրել, որ դա ավելի քան բավարար կլինի մեր քաղաքացիներին, որ վերանորոգեն և պատշաճ տեսքի բերեն տրանսպորտային միջոցները»,–վստահեցրեց Սարգսյանը:

Related posts

Իսրայելը հարվածել է Գազայում գտնվող սրճարանի, դպրոցի, հիվանդանոցի․ կան զոհեր ու վիրավորներ

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին