Ջրային պարեկները բացահայտել են ապօրինի ձկնորսության 3 դեպք


Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև հունվարի 20-ը արգելված է սիգի որսը: Ձեռնարկվել էին հատուկ, նաև քարոզչական միջոցառումներ, ու թվում էր, թե գիտակցությունը գերակայել է: Սակայն Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վերջին օրերի կանխարգելիչ միջոցառումները նաև հանգեցրին կոնկրետ բացահայտումների:

Նորատուս գյուղի մոտ ծառայություն իրականացնելիս հունվարի 13-ի ուշ երեկոյան ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2115» մակնիշի մի մեքենա: Բեռնախցում հայտնաբերվել է սիգ: Մեքենան և նորատուսցի 38-ամյա վարորդը տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժին: Վարորդը հայտնել է, թե ձկները ձեռք է բերել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ անծանոթ մեկից:

350 կգ ձուկն ի պահ է հանձնվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներին, իսկ մեքենան տեղափոխվել է Սևանի անշարժ պահակակետ:

Հունվարի 14-ի երեկոյան ծառայություն իրականացնող ջրային պարեկները Նորատուսի մոտակայքում ստուգել են Սևանա լճի ափին կայանված «ՎԱԶ-21103» մակնիշի մի մեքենա: Նկատելով պարեկներին` նորատուսցի 47-ամյա վարորդը մեքենայից դուրս է նետել բեռնված ձկան մի մասը և նավակի շարժիչ:

Նա հայտնել է, թե ձկները գնել է անծանոթ մեկից: Սակայն Գավառի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ ձկները որսացել էր ինքը:

Նույն օրը, երեկոյան, այս անգամ՝ Արտանիշ գյուղի տարածքում, ջրային պարեկները Սևանա լճում նկատել են ափին մոտեցող մի նավակ: Ստուգման արդյունքում պարզվել է, որ նավակը վարում է Ծովագյուղի 34-ամյա մի բնակիչ, իսկ նավակում կան սիգ ձկներ: Նավակը, նավավարն ու ձկները տեղափոխվել են ոստիկանության Ճամբարակի բաժին: 310 ձուկը կշռում էր 106,5 կիլոգրամ:

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Հավելենք, որ սիգի որսի արգելքը գործում է մինչև հունվարի 20-ը ներառյալ: Իսկ այդ ժամկետը կամայական ու պատահական չէ: Ուստի մինչև հունվարի 20-ը ներառյալ ոստիկանության ծառայողները, շահագրգիռ այլ մարմինների հետ, շարունակելու են կանխարգելիչ միջոցառումները:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան