Ջրամբար ընկած ադրբեջանական արկերից Կեչուտի ջրի որակը չի փոխվել. Ջրային կոմիտեի նախագահ

Կեչուտի ջրամբարի հիդրոտեխնիկական հանգույցները, ջրի բացթողնման պատվարը, ջրարգելակները բարեբախտաբար չեն վնասվել ադրբեջանական զինուժի՝ սեպտեմբերի 13-ի ռազմական լայնածավալ ագրեսիայի ժամանակ, չնայած որ թշնամու երկու արկ ընկել է ջրամբարը: Այս մասին տեղեկանում ենք 1lurer.am-ից։

Վահագն Գևորգյան (ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ) – Քանի որ տեղեկություն ունեինք, որ արկերից մեկն ընկել է ջրամբարի մեջ, մենք ջրի նմուշներ վերցրինք և ուղարկեցինք լաբորատոր փորձաքննության: Արդյունքը շատ արագ ստացանք, փառք Աստծո, որևէ խնդիր չունենք:

Մասնագետները ջրի որակական փոփոխություն չեն նկատել: Այսօր արդեն Կեչուտի ջրամբարը շարունակում է բնականոն գործունեությունը: Վայոց ձորի այս ջրամբարը կառուցվել է 1981-ին: Այն ոռոգելի է դարձնում Վայք, Արենի, Արփա, Մալիշկա և Ագարակաձոր բնակավայրերը: Կեչուտի ջրամբարի նշանակությունն ավելին է՝ ընդգծում է ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը:

Վահագն Գևորգյան – Կեչուտի ջրամբարը «Արփա-Սևանի» հիդրոտեխնիկական կառույցի մի մասն է, որտեղ որ գտնվում է գլխային հանգույցը Արփա-Սևանի, որտեղից սկիզբ է առնում նաև Արփա-Սևանի ջրթեք թունելը: Կեչուտի ջրամբարը ամենօրյա ռեժիմով սպասարկում է իրականացնում:

Ջրի ընդհանուր ծավալը 23,5 միլիոն խոր. մետր է։ Ջրամբարը սնվում է Արփա գետից և մթնոլորտային տեղումներից։ Տարեսկզբից «Արփա-Սևան» թունելով 158 միլիոն խոր. մետր ջուր է տեղափոխվել Սևան: Ջրային կոմիտեի ղեկավարի խոսքով՝ ջրամբարի լցվածությունը բավարար է, Կեչուտի ջրամբարի հետ կապված նորոգման, վերակառուցման աշխատանքների կարիք այս պահին չկա: Գևորգյանի խոսքով՝ առաջիկա տարիներին նախատեսվում է կառուցել 15 նոր ջրամբար. 6-ը նախագծման փուլում են:

Վահագն Գևորգյան – Մյուս տարի նախատեսում ենք ևս 9 ջրամբարի կառուցում: Ջրամբարը կառուցվում է, որ Հայաստանում հոսող ջրերի արդյունավետ կառավարում իրականացվի: Ջրամբար կառուցվում է, որ Սևանի հոգսը թեթևացվի: Ջրամբար կառուցվում է, որ Արարատյան դաշտը հնարավոր լինի ջուրն ամբարելու շնորհիվ ոռոգել:

Նախատեսվող 15 ջրամբարից չորսը կկառուցվի Վայոց ձորում՝ Վերնաշենի, Խաչիկի, Ելփինի և Խնձորուտի վարչական տարածքներում, ինչի շնորհիվ ոռոգելի կդառնա մարզի վարելահողերի 25 տոկոսը: 4 ջրամբարի կառուցումը ծրագրված է ավարտին հասցնել չորս տարում: Կապսի ջրամբարի կառուցումը կմեկնարկի 2023-ին: Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ Կառավարության և Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի ֆինանսավորմամբ:

Վահագն Գևորգյան – Որպես առաջնահերթություն՝ ունենք 15 ջրամբարի կառուցում, պլյուս Կապսը, և 2 ջրամբարի մասով քննարկում ենք անում. խոսքը Եղվարդի ջրամբարի մասին է: Տարիներ առաջ Ջայկա ընկերությունը լուրջ ուսումնասիրություն է իրականացրել: Էներգետիկների հետ քննարկում ենք: 15-ի մեջ չեն մտնում Եղվարդի ջրամբարը, «Սելավ Մաստարա 1 և 4-ը»: Բոլորը լինելու են ամբողջությամբ նոր, դեռ խորհրդային տարիներից ուսումնասիրվում են:

Վեդիի ջրամբարի շինաշխատանքներն ավարտվում են: Ջրամբարաշինության խոշոր ծրագրի իրականացմամբ ակնկալվում է Հայաստանում ամբողջությամբ լուծել ոռոգման խնդիրը:

Related posts

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան

Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին

Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք