Պլասիդո Դոմինգոյի մասնակցությամբ Երևանում նշվել է Գեղամ Գրիգորյանի 75-ամյակը

Նշանավորելով համաշխարհային օպերային արվեստի լեգենդար տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել գալա համերգ, որի հատուկ հյուրը օպերային աստղ, իսպանացի երգիչ (տենոր), դաշնակահար, դիրիժոր Պլասիդո Դոմինգոն էր:

20-րդ դարի հայ օպերային անվանի երգչի մեծարման խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ Գեղամ Գրիգորյանն իր արվեստով շարունակում է ապրել սերունդների հիշողության մեջ։ «Գեղամ Գրիգորյանի հզոր, թավշյա, հուզական տենորն ու բեմական կեցվածքը ողողել են աշխարհի ամենահռչակավոր օպերային թատրոնների դահլիճները՝ Լա Սկալայից մինչև Մետրոպոլիտեն օպերա։ Հոբելյանական երեկոն յուրահատուկ խորհուրդ է ստանում օպերային արվեստի կենդանի լեգենդի՝ անկրկնելի Պլասիդո Դոմինգոյի ներկայությամբ, որը ոչ միայն մեծագույն պատիվ է, այլև լավագույն վկայությունն այն մեծ հարգանքի, անկեղծ ընկերության և գնահատանքի, որը համաշխարհային բեմի գործընկերների շրջանում վայելում էր Գեղամ Գրիգորյանը։

Խորհրդանշական է և հուզիչ, որ բեմում կողք կողքի կանգնած են Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ սոպրանո, միջազգային բեմերի աստղ Հասմիկ Գրիգորյանը, և որդին՝ դիրիժոր Վարդան Գրիգորյանը։ Նրանք շարունակում են բարձր պահել Գրիգորյան ազգանվան, հայկական օպերային և դիրիժորական դպրոցի փառքն աշխարհում»,- ասել է նախարարը:

Մեծանուն հայ տենոր Գեղամ Գրիգորյանի անունը ներառվել է 20-րդ դարի լավագույն 40 տենորների շարքում (այնպիսի մեծությունների կողքին, ինչպիսիք են Էնրիկո Կառուզոն, Լուչիանո Պավարոտին և Պլասիդո Դոմինգոն)։ Գալա համերգը հարգանքի տուրք էր նրա հիշատակին․ երևանյան հանդիսատեսը ջերմությամբ և բուռն ծափերով վերստին արտահայտել է իր վերաբերմունքը Գեղամ Գրիգորյանի արվեստի նկատմամբ։

Պլասիդո Դոմինգոյի հետ օպերային թատրոնի բեմում հանդես է եկել Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը․ նա ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում, Միլանի «Լա Սկալա»-ում, Վիեննայի պետական օպերայում, Լոնդոնի Թագավորական օպերայում, Փարիզի օպերայում և Զալցբուրգի փառատոնում։ Հասմիկ Գրիգորյանը International Opera Award-ի և Opus Klassik-ի դափնեկիր է, իսկ «Opernwelt» ամսագրի վարկածով երկու անգամ ճանաչվել է տարվա երգչուհի։

Երեկոյի երաժշտական ղեկավարն ու դիրիժորը Գեղամ Գրիգորյանի ավագ որդին էր՝ Վարդան Գրիգորյանը։

Related posts

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

Հայաստանն ու Ղրղզստանը համագործակցության հուշագիր են ստորագրել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում

Հռոմի Պապը Պուտինին կոչ է արել մարդասիրական նկատառումներով հրադադար հաստատել Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում