Պետք է ունենալ տարածքի նախապատրաստման ճանապարհային քարտեզ. վարչապետի գլխավորությամբ քննարկումներ՝ «Ակադեմիական քաղաք»-ի նախագծի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:

Թոբիաս Քեյլը ներկայացրել է նախորդ քննարկման դիտարկումների և առաջարկությունների հիման վրա գլխավոր հատակագծում իրականացված փոփոխությունները և նշել, որ առաջիկայում կներկայացվի ամփոփիչ հայեցակարգային մաստեր պլանը:

Քննարկում է ծավալվել հայեցակարգային մաստեր պլանի հաստատումից հետո նախատեսվող քայլերի շուրջ, մասնավորապես՝ սխեմատիկ պլանի մշակմանը: Այդ համատեքստում վարչապետը նշել է, որ առկա է աշխատանքների մի քանի փուլ. առաջին փուլը տարածքը նախապատրաստելն է իրագործման համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս փուլում պետք է դրանով զբաղվել, ունենալ տարածքի նախապատրաստման ճանապարհային քարտեզ՝ կոնկրետ ժամկետներով և պատասխանատուներով: Վարչապետը նաև հանձնարարել է առաջարկ ներկայացնել գլխավոր հատակագծից սխեմատիկ պլանին անցնելու վերաբերյալ, թե ի՞նչ սկզբունքով է իրագործվելու: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ այսօր արդեն կարելի է դրա մասին մտածել, որովհետև առկա է բավարար տեղեկատվություն և անհրաժեշտ նյութ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այս առումով կարևորել է հատակագծի վերջնական հաստատման գործընթացը հնարավորինս արագ իրականացնելը և նշել. «Բացի այն տարածքներից, թե որտեղ կարող ենք սկսել աշխատանքը, մենք արդեն կարող ենք որոշել նաև այն տարածքները, որտեղ մասնավորը կարող է սկսել աշխատանքը, այստեղ իրենք էլ կարող են ավելի արագ նախագծման ու կառուցման գնալ»:

Մտքեր են փոխանակվել նաև ենթակառուցվածքների հետ կապված մի շարք հարցերի շուրջ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, կոմունալ ենթակառուցվածքներն ամենակարևոր խնդիրներից են տարածքի նախապատրաստման տեսանկյունից:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն իր հերթին նշել է, որ այս փուլում արդեն հնարավոր է իրականացնել հողային ռելիեֆի հետ կապված աշխատանքները, ինչպես նաև անկախ շինարարության փուլերից՝ հնարավոր է իրականացնել կոմունալ ենթակառուցվածքների հետ կապված աշխատանքները: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է աշխատանքային խումբ ձևավորել, որը կմշակի հետագա անելիքները:

Խորհրդակցության ընթացքում հստակեցվել են նաև տրանսպորտային նախագծի մշակման հետ կապված մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նախատեսվող տարբեր օրենսդրական կարգավորումների իրականացմանը:

Related posts

Միջազգային համագործակցություն. Շիրակում և Տավուշում կիրականացվի Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիրը

Փոփոխություններ՝ Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրում

Հաստատվել է աղետի գոտու տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը . զոհված անձի ընտանիքին կտրամադրվի 1 միլիոն դրամ