Պեսկովը հայտնել է, թե որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել միայն երկրին իրական սպառնալիքի դեպքում։ Այս մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում, փոխանցում է news.ru-ն:

Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ դա նախատեսված է Ռուսաստանի ազգային անվտանգության հայեցակարգով։

Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ, այն գտնվում է հանրային տիրույթում, կարող եք կարդալ բոլոր այն պատճառները որոնց դեպքում կարելի է միջուկային զենք կիրառել։ Այսինքն՝ եթե վտանգ կա երկրի գոյությանը, ապա դա կարող է օգտագործվել մեր հայեցակարգին համապատասխան»,- ընդգծել է Պեսկովը։

Նշենք, որ The Wall Street Journal-ը նախօրեին, վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին, գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխում է Ուկրաինայում հատուկ գործողության անցկացման մարտավարությունը։ Պաշտոնյաները կասկածի տակ են դրել ուկրաինական հակամարտության մոտալուտ ավարտը: Նրանց կարծիքով, եթե դա երկարաձգվի, Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել։

Ավելի վաղ Ամերիկայի նախկին առաջնորդ, հանրապետական ​​Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ ասել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում խուսափում է Ռուսաստանի վրա հարձակվելուց, քանի որ վախենում է միջուկային զենքից, որն ունի Ռուսաստանը։ Նա նաև ավանդաբար հայտարարեց, որ եթե ինքը լիներ դեմոկրատ Բայդենի փոխարեն, ուկրաինական ճգնաժամ չէր լինի։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Related posts

Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է

Խաղաղությանը հասնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան պատերազմում հաղթելը. Հաջիև

Գուցե ձեզ հյուսիսից հաթաթա՞ են տվել, թե՝ քանի՞ գլխանի եք, որ Խաղաղության խորհրդին կողմ եք քվեարկել. Բաղդասարյանի կոչը տղամարդ պատգամավորներին