ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ:
«ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԻՀ-ից մուտք գործող բեռնատարում առկա է մաքսային հսկողությունից թաքցված ապրանք: Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Ագարակ» սահմանային անցման կետում ՀՀ քաղաքացի Ա.Վ.-ի կողմից շահագործվող KAMAZ մակնիշի բեռնատար մեքենան ենթարկվել է զննության:
Արդյունքում տրանսպորտային միջոցի բեռնախցիկի կողային և դիմային պատերին հատուկ հարմարեցված թաքստոցներից, մեքենայում առկա բեռի տակ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված` տարբեր տեսակի 7300 տուփ ծխախոտ: Ոչ օրինական ճանապարհով ծխախոտի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերված ծխախոտներն առգրավվել են:
Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն` համաձայն «Մաքսային կանոնների մասին» օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշների։
Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն` հետագա ընթացքն ուսումնասիրելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։