ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման գործունեություն

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է հանքարդյունահանման անօրինական գործունեության հերթական դեպքը:

«Մասնավորապես, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 5 բաժին տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարայի տուֆերի հանքավայրի «Հայք» տեղամասում, առանց հանքարդյունահանման համապատասխան թույլտվության, կատարվում է հանքարդյունահանում կամ հանքի շահագործում։ Ստացված տեղեկությունների հիման վրա ոլորտային թիվ 5 բաժնի աշխատակիցներն իրականացրել են նախապատրաստական և ստուգողական աշխատանքներ: Այնուհետև ընկերության նկատմամբ մշակվել և ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ ընկերությունը չունենալով հանքարդյունահանման համապատասխան թույլտվության շահագործել է Մաստարայի տուֆերի հանքավայրի «Հայք» տեղամասը: Ընկերությունը հանքավայրից ապօրինի արդյունահանել է առնվազն 19302մ3 հանքանյութ, որի պարագայում ստացվել է 6755մ3 տուֆ քարի պատրաստի արտադրանք, որը 1մ3-ի համար միջինը վաճառվել է 7386 ՀՀ դրամով։

Այդ գործունեության համար ընկերությունն օրենքով սահմանված կարգով հարկային մարմին չէր ներկայացրել հաշվարկ-հաշվետվություններ: Այսպիսով, ընկերության կողմից կատարված գործունեության արդյունքում պակաս է հաշվարկել շուրջ 8 միլիոն 300 հազար դրամի չափով բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի գումարներ, իսկ իրացման շրջանառությունը պակաս է հաշվարկվել շուրջ 41 միլիոն հազար դրամի չափով։

Հաշվի առնելով օպերատիվ հետախուզական գործունեության նպատակները, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակում, ընկերությունը ներկայացրել է շրջանառության հարկի և բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային ճշտված հաշվարկներ: Կատարվում են աշխատանքներ չվճարված հարկային պարտավորությունների վերականգման ուղղությամբ։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելուց, հակառակ դեպքում այդ անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։

Նշենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն, իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված՝ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքում գանձվում է տուգանք՝ լիցենզիայի կամ թույլտվության տրման կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում խախտման կրկնակի փաստի դեպքում` օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի քսանապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան