Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր արտահերթ նիստ է հրավիրվել Կառավարության առաջարկով, որի օրակարգում երկու հարց է: Առաջինը Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի 12-րդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի 6-րդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն է, որի քննարկումը հարթ չընթացավ:
«Հայաստան» խմբակցության անունից ելույթով հանդես եկավ Մեսրոպ Մանուկյանը, որը, դիմելով ՔՊ խմբակցությանը, հայտարարեց՝ ընդդիմությունը կոչ է անում չթալանել քաղաքացու հարկերը, չզբաղվել թալանչիությամբ:
Նա իշխանությանը մեղադրեց համաժողովի միջոցառումների անցկացման համար մասնավորին մեծ գումարներ տրամադրելու համար:
«Մենք կռիվ ենք տալիս թալանչիության դեմ՝ շատ ուղիղ: Այ թալանչին սենց է լինում, պոզով-պոչով չի լինում»,- հայտարարեց Մանուկյանը՝ իշխանություններին մեղադրելով պետբյուջեն թալանելու համար:
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց պատգամավորին մնալ կոռեկտության սահմաններում, ինչին նա արձագանքեց տեղից ռեպլիկներով:
«Ինչպես արդարացիորեն ասում է Եղոյանը (ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյան), պարո՛ն Մանուկյան, իմ նախկին ղեկավարի մոտից չեն գտել զինվորների համար նախատեսված տուշոնկեք: Ամոթն էլ է լավ բան»,- ասաց Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերոջը: