Պարզվել են Գյումրիում 50-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքներ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ 2023թ. մայիսի 20-ին «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Որովայնի հրազենային թափանցող վնասում, բարակ աղու բազմաթիվ վնասվածքներ, պարանոցի և կրծքավանդակի կողմնային մակերեսի ենթամաշկի կապտուկներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի 50-ամյա բնակիչ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ 50-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախնական տվյալներով՝ վերջինս շինարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել 35-ամյա համաքաղաքացու հետ, որի ընթացքում, շինանյութ գողանալու հարցի շուրջ,  ընկերների ներկայությամբ, վերջինս վիճաբանել է 50-ամյա տղամարդու հետ՝ նրա հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, ապտակելով, թքելով նրա դեմքին:

Այնուհետև, շարունակելով իր անմարդկային և հակաօրինական գործողությունները, 50-ամյա տղամարդուն հրելով հանել է տան բակ, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, սակայն նկատելով, որ շունը չի հարձակվում, ջրի խողովակով սառը ջուրը 15-20 րոպե շարունակ պահել է տղամարդու վրա, որից հետո ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ատրճանակով մեկ անգամ կրակել է շան բնում գտնվող տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 35-ամյա տղամարդը, ով փորձել է լքել հանրապետության տարծքը, 2023թ. մայիսի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է՝ սպանելու փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ, և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։

Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային  քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով և 196-րդ հոդվածի 1-ին մասով, և նրան ներկայացվել է մեղադրանք։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակիորեն՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով տնային կալանքը և գրավը՝ 10մլն. դրամի չափով։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հրազենի ձեռքբերման աղբյուրը, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Related posts

Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են կարգավորումը Գազայի հատվածում

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

Բնում խեղդելու ենք ՀՀ ժողովրդից ինքնիշխանությունը խլելու, Հայաստանը գուբերնիա դարձնելու յուրաքանչյուր փորձ. Արթուր Հովհաննիսյան