Ունենք էական տեղաշարժ. վարչապետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Yerevan Dialogue համաժողովի ընթացքում անդրադարձավ նաև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին:

Նրա խոսքով՝ մենք այստեղ ևս ունենք էական տեղաշարժ, և այդ տեղաշարժը արտահայտվում է նրանով, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները վերջերս ստորագրել են սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգ:

«Այդ կանոնակարգում արձանագրված է այն, ինչի շուրջ կողմերը հայտարարել են դեռևս սույն թվականի ապրիլի 19-ին՝ հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքում հրապարակված հաղորդագրության մեջ, այսինքն՝ վերցված է, արձանագրված է Ալմա-Աթայի հռչակագիրը՝ որպես սահմանազատման գործընթացի բազային սկզբունք, և արձանագրված է, որ կողմերը սահմանազատման գործընթացում առաջնորդվելու են հենց Ալմա-Աթայի հռչակագրով»,- տեղեկացրեց վարչապետը՝ ընդգծելով, որ վերոնշյալ հռչակագիրը ստորագրել են մի շարք նախկին խորհրդային հանրապետություններ, ներառյալ՝ Հայաստանը և Ադրբեջանը:

Ըստ վարչապետի՝ այդ հռչակագիրը մեր քննարկվող թեմայում ունի երկու առանցքային դրույթ, և այդ դրույթներից առաջինը հետևյալն է՝ որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և երկրորդ՝ որ Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրած երկրները ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը:

«Սա շատ կարևոր հիմք է, որը, ըստ էության, եթե մեկնաբանենք Ալմա-Աթայի հռչակագրի համապատասխան դրույթը, կնշանակի, որ ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց ճանաչում են խորհրդային հանրապետությունների տարածքների շրջանակում:

Այժմ, ինչպես նշված է, ՀՀ-ում և Ադրբեջանում, համաձայն պայմանավորվածության, այս կանոնակարգն ընթանում է ներքին համաձայնեցման ներպետական ընթացակարգերով, և իհարկե, հույս ունեմ, և համոզված եմ գոնե, որ Հայաստանի Հանրապետությունում մենք ամեն ինչ կանենք այն լրումին հասցնելու համար: Հիմա Կառավարությունն ընդունել է նախագիծը, ուղարկել է ՍԴ՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար»,- խոսքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան