Ուկրաինայում 3 անգամ կիրառվել են «Կինժալ» հիպերձայնային հրթիռներ. Շոյգու

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերը Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում երեք անգամ կիրառել են «Կինժալ» հիպերձայնային հրթիռը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Մենք «Կինժալ»-ը երեք անգամ օգտագործել ենք հատուկ ռազմական գործողության ժամանակ: Եվ այն երեք անգամ ցույց է տվել իր փայլուն հատկանիշները։ Բնութագիր, որը չունի աշխարհում ոչ մի նմանատիպ հրթիռ», – կիրակի օրը ասել է Շոյգուն «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում։

«Կինժալ» հիպերձայնային հրթիռի արագությունը ավելի քան 10 մախ է եւ թռիչքի ընթացքում այն փոխում է հետագիծը ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական հարթություններում։

«Ընդհանուր առմամբ, այն գործնականում անհնար է որսալ, եւ մենք այն օգտագործում ենք հատկապես կարեւոր թիրախներին հարվածներ հասցնելու համար», – ասել է Շոյգուն:

Պաշտոնապես հաղորդվել է, որ «Կինժալ»-ը ավիացիոն համալիր է՝ գերճշգրիտ հիպերձայնային աէրոբալիստիկ հրթիռով, որը ստեղծվել է արդիականացված ՄիԳ-31 հեռահար կործանիչի հիման վրա։ Ըստ ռուս զինվորականների՝ այն ի վիճակի է խոցել ավելի քան 2000 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները՝ հաղթահարելով բոլոր հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերը։

Օգոստոսի 18-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ երեք ՄիԳ-31 ինքնաթիռներ՝ «Կինժալ» հիպերձայնային հրթիռներով, տեղափոխվել են Կալինինգրադի մարզ՝ լրացուցիչ ռազմավարական զսպման միջոցառումների շրջանակներում։ Ինքնաթիռները շուրջօրյա մարտական ​​հերթապահություն են իրականացնելու Չկալովսկի օդանավակայանում:

Related posts

Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

«Զանգերի» հատվածում ձյուն է տեղում