Ուկրաինայի և Ռուսաստանի դեպքերի հետևանքով արտահանման ոլորտը խնդիրներ ունի. Քերոբյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է խաղողագործների խնդիրներին, մասնավորապես՝ խաղողի մթերման գներին: Պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչ է արվում այդ խնդրի լուծման համար:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պարզաբանել է, որ Կառավարությունը կատարում է որոշակի քայլեր՝ բարելավելու համար խաղողի մթերման գործընթացը: Մասնավորապես՝ նախատեսում է ներդնել տիպային պայմանագրերի ինստիտուտ, և մթերման պայմանագրերը կնքել նախապես:

«Սուբսիդավորում ենք միայն այն ծրագրերը, որոնք այսպիսի պայմանագրերով են ապահովված, և դրա արդյունքում փորձենք այս տարի էլ ավելի լավացնել իրավիճակը՝ նվազեցնելով ռիսկերը»,- ասաց Քերոբյանը:

«Իհարկե, Ուկրաինայի և Ռուսաստանի հետ կապված դեպքերի հետևանքով մեր արտահանման ոլորտն ունի լուրջ խնդիրներ, և դա ևս փոխկապակցված է խաղողագործության հետ, մենք ոչ միայն խաղողագործների հարցը պետք է լուծենք, այլև՝ մատակարարման ողջ շղթայի. մարտահրավերները և անելիքները շատ են»,- նշեց նա:

«Ես ինքս էլ հաճախ եմ հանդիպում գյուղացիների հետ: Շփումների ընթացքում փորձում ենք այն, ինչ որ մեր աչքից վրիպել է, լրացնել այսպիսի ուղիղ խոսակցությունների միջոցով: Ես Ձեզ կարող եմ վստահեցնել, որ թիմն անընդհատ աշխատում է այս նախագծրի կամ ծրագրերի լավացման ուղղությամբ»,- ասաց նախարարը:

 

Related posts

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար