Ոստիկանության 47 ծառայող հեռացվել է աշխատանքից թմրամիջոց օգտագործելու պատճառով. նախարար

Հայաստանում 47 ոստիկան թմրամիջոց օգտագործելու պատճառով հեռացվել է աշխատանքից:

Այս մասին Ազգային ժողովում՝ հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

Նա հիշեցրեց, որ սկսել են ոստիկանության ծառայողների ատեստավորումը:

«Ցանկացած ոստիկան մինչև ատեստավորում անցնելը պարտադիր պետք է անցնի թմրամիջոցների օգտագործման հետ կապված թեստը: Մենք թմրամիջոց օգտագործելու պատճառով համակարգից հեռացրել ենք ոստիկանության 47 ծառայողի»,-ասաց Ղազարյանը:

Նախարարը նաև ներկայացրեց, որ վերջին 5 տարիների ընթացքում, պայմանավորված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող առավել համակարգային և սկզբունքային պայքարով, դեպքերի հայտնաբերման աճը միջինում կազմել է 46,6%:

«Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված ընդհանուր շուրջ 1 տոննա 220 կիլոգրամ թմրամիջոցներից, միայն 2023-2024 թվականներին հայտնաբերվածից 62 կիլոգրամը եղել է սինթետիկ, որից շուրջ 24 կիլոգրամը կամ 39%-ը հայտնաբերվել է ոստիկանության կողմից: Արձանագրեմ, որ թմրամիջոցների մեծ քանակ հանրապետություն ներկրվում է հարևան երկրներից և հատկապես Մեղրիի սահմանային հատվածով, որտեղ ոստիկանության իրավասությունները սահմանափակ են։

Ինչ վերաբերում է անչափահասների մասնակցությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին, ապա վերջին 5 տարիներին, ըստ ոստիկանության հաշվառումների, թմրամիջոցների իրացման և օգտագործման համար քրեական և վարչական պատասխանատվության ենթարկված անչափահասների թիվը յուրաքանչյուր տարի չի գերազանցել 10-ը։

Հարկ է նշել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, թմրամիջոցների իրացման աղբյուր է դարձել նաև համացանցը, որի միջոցով իրացման դեպքերը տարեցտարի աճում են:

2021-ից 2023 թվականներին ընդհանուր հայտնաբերվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 631 դեպք, որից 173-ը՝ իրացման, իսկ 458-ը՝ ձեռք բերելու»,- նշեց նախարարը:

Նր խոսքով՝ վերջին հինգ տարիներին արգելափակվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող շուրջ 120 համացանցային հարթակ, հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման ընդհատակյա լաբորատորիա, որը վերջին 10 տարիներին գրանցված եզակի դեպք է։

Related posts

Պետությունը խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար 10,000 դրամի չափով կսուբսիդավորի սպանդանոցին

Վերջին օրերին տարբեր ուղղություններով կրակոցներ են լինում. ԵԿՄ նախագահ

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի