Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Այն պահից, երբ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտարարել է սահմանազատման գործընթացի դադարեցման իր տեղեկությունների մասին, ոստիկաններն ու բերետավորները հեռացել են գյուղի տարածքից։

Այս մասին հայտնում է »Ազատությունը»՝ նշելով, որ այս պահին ոստիկաններ չկան անգամ գյուղ տանող ճանապարհներին։ Միայն Խեյրիմլի տանող մուտքին մեկ պարեկային ծառայության մեքենա կա։

Այսօր առավոտյան Կիրանցում ավելի մեծ թվով ոստիկաններ էին տեղակայվել նախորդ օրերի համեմատ։ Կեսօրին մոտ, երբ գյուղից ընդամենը մետրեր հեռու մարդիկ են նկատվել, որոնք ենթադրաբար սահմանազատման հետ կապված աշխատանքներ են իրականացնում, ոստիկանները պատ են կազմել այդ հատված տանող մուտքի մոտ։

Այսօր ավելի վաղ իրավապահները թույլատրել էին Կիրանցի վարչական ղեկավարին մոտենալ տեղադրված սահմանային սյուների հատված և հնարավորության սահմաններում մոտիկից դիտարկել, թե որ հատվածներում են դրանք տեղադրվել։

Շահինյանն ասել էր, որ տվյալ պահի դրությամբ գոհ է սահմանազատման արդյունքներից՝ շեշտելով՝ այն 57 հողակտորները, որոնց շուրջ գյուղացիները մտահոգություն էին հայտնում, այս պահի դրությամբ հայկական վերահսկողության տակ են։

Վարչական ղեկավարը նաև նշել էր, որ 11-րդ սյունն է տեսել, որը Խեյրիմլիի և Կիրանցի սեփական հողերը բաժանող գետի մեջ է տեղադրված։

Շահինյանի տեղեկություններով՝ սառեցվել է գործընթացն այն հատվածներում, որն այսօրվա ասուլիսում վարչապետը ցավոտ կետեր է անվանել։

Related posts

Ալիևը հուսադրող է համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի սկիզբը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ավստրիա

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել