Ողջունում ենք Ալիևի վերջին հայտարարությունները «համաներում» քննարկելու մասին. Պետդեպ

 

Միացյալ Նահանգներն արդյունավետ հանդիպում է ակնկալում Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

ԱՄՆ վարչակազմը գոհ է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են», ասված է նրա տարածած գրավոր հայտարարությունում։

«Ինչպես հայտարարել էր պետքարտուղար Բլինքենը, Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է։ Վերջերս մենք բարձր ենք գնահատել վարչապետ Փաշինյանի հավատարմությունը խաղաղությանը, և մենք ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները [Ղարաբաղի նկատմամբ] համաներում քննարկելու մասին»,- նշել է Միլլերը և շարունակել․ – «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս շաբաթավերջին Քիշնևում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ: Եվ մենք հուսով ենք, որ դա արդյունավետ քայլ կլինի բանակցությունների սեղանի շուրջ այս խնդիրները լուծելու ուղղությամբ, այլ ոչ թե բռնության կիրառմամբ»,-ասել է Միլլերը:

Նրա խոսքով՝ «ագրեսիվ հռետորաբանությունը կարող է հանգեցնել միայն անցյալի բռնության շարունակականության, կառուցողական երկխոսությունը՝ ինչպես հրապարակային, այնպես էլ փակ, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս»։

«Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին՝ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու համար», – հավաստիացրել է Միլլերը։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի օկուպացված Բերձոր քաղաքում հայտարարել էր, որ «այսօր ոչ ոք չի խոսում Ղարաբաղի անկախության, ինքնավարության կամ որևէ այլ բանի մասին»:

«Վերջին ուղերձները, որ մենք ստանում ենք, հետևյալն են՝ ինչպիսի՞ն է լինելու նրանց «ղեկավարության» ճակատագիրը։ Արդյո՞ք նրանք համաներման իրավունք ունեն։ Իսկ ես ասում եմ՝ կտեսնենք», – ասել էր Ալիևը։

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան